Ապրիլի 30–ից մայիսի 3–ը Ստամբուլում անցկացված IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում թուրքական FNSS ընկերությունն ու Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ, թուրք.՝ SSB) կնքել են 100 միավոր PARS զրահամեքենաների գնման պայմանագիր։
Այս մասին հայտնում է FNSS ընկերության կայքը։ 8×8 և 6×6 անվավոր ընթացամասով զրահամեքենաները կլինեն 5 տարբեր նշանակությունների, որոնցից 4–ը նախատեսված է Թուրքիայի ցամաքային զորքերի համար, 1-ը՝ ժանդարմերիայի։
- 30 միավոր PARS IZCI 6×6 հրամանատարաշտաբային հետախուզական զրահամեքենա
- 15 միավոր PARS IZCI 6×6 ռադիոլոկացիոն հետախուզական զրահամեքենա
- 45 միավոր PARS IZCI 8х8 էլեկտրոօպտիկական հետախուզական զրահամեքենա
- 5 միավոր PARS KBRN 8×8 ռադիացիոն, քիմիական և կենսաբանական հետախուզական զրահամեքենա
- 5 միավոր հետախուզական զրահամեքենա (նախատեսված թուրքական ժանդարմեայի համար)
Բոլոր զրահամեքենաների հիմքում PARS III զրահամեքենան է։ Հրամանատարաշտաբային նշանակության տարբերակը հագեցած է FNSS Sabre մարտական մոդուլով՝ 25 մմ М242 Bushmaster ավտոմատ հրանոթով և 7.62 մմ գնդացիրով, իսկ մնացածը հագեցած են PARS կամ Aselsan ընկերությունների արտադրած հեռակառավարվող գնդացրային մոդուլներով։
Զրահամեքենաների մատակարարումը նախատեսված է սկսել 2019 թվականի օգոստոսից և ավարտել 36 ամսում, իսկ որպես հեռանկարային ծրագիր՝ նախատեսվում է բանակին մատակարարել ևս 400 միավոր զրահամեքենա։
BMPD բլոգի փոխանցմամբ սա FNSS ընկերության անվավոր ընթացամասով զրահամեքենաների գնման առաջին պայմանագիրն է Թուրքիայի հետ, չնայած որ PARS զրահամեքենաներ ունեն Մալայզիան և Օմանը։
Հավելենք նաև, որ օրերս հայտնի դարձավ նույն ընկերության արտադրած «Կապլան» զրահամեքենաների փորձարկումների ավարտի մասին, որոնք նույնպես նախատեսված են թուրքական բանակի համար և հագեցած են ռուսական «Կորնետ» հակատանկային միջոցով։