Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու–57 կործանիչ վաճառել. «Ռոստեխ»

Ռուսական Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերն արտադրող «Ռոստեխ» ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը թուրքական պետական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Սու-57 կործանիչներ, եթե Թուրքիան դուրս մնա F–35-երի ծրագրից»։ 

Չեմեզովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև Ս-500 ՀՕՊ համակարգերի արտադրման մեջ, նշելով, որ երկու երկիրն էլ կարող են ներդրում ունենալ այդպիսի ծրագրում։

Ս–400-ների կամ Սու–57-երի որոշ մասերի Թուրքիայում հնարավոր արտադրության մասին հարցին Չեմեզովը պատասխանել է, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայից ընդունել տեխնոլոգիաների փոխանակման ցանկացած առաջարկ։

«Մենք պատրաստ ենք աջակցել Թուրքիայի տեղական պաշտպանական արդյունաբերություն ունենալու ցանկությանը»,– հայտարարել է Չեմեզովը։

«Ռոստոխ»–ի տնօրենը հավելել է, որ ընկերությունը համագործակցում է Թուրքիայի հետ նաև քաղաքացիական տեխնոլոգիաների ոլորտում։ Օրինակ՝ 2018թ. պայմանագիր է կնքվել Թուրքիային 3 միավոր բազմանպատակային Կա-32 ուղղաթիռների մատակարարման համար (այդ ուղղաթիռները Թուրքիա մատակարարվեցին 2019թ. փետրվարին)։ Ըստ Չեմեզովի՝ Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիային առաջարկել տարբեր տեսակի ուղղաթիռներ։

Հիշեցնենք, որ Ս–400-ների գնման պայմանագիրը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կնքվել է 2017թ. դեկտեմբերին։ Այս տարվա հուլիսին արդեն սպասվում է դրանց մատակարարումը Թուրքիա։ Ըստ թուրքական աղբյուրների՝ մատակարարվելու է 36 արձակման կայան և 192 հրթիռ։ Այս գործարքով Թուրքիան ու Ռուսաստանը ունենալու են Ս–400-ների որոշ մասերի համատեղ արտադրություն։ 

Հավելենք, որ Ռուսաստանի հետ այս գործարքից հետո վատթարացել են հարաբերությունները Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև, քանի որ Ամերիկան ու ՆԱՏՕ–ն հայտարարում են, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ անդամ չպետք է գնի ռուսական համակարգերը։

Ըստ այդմ՝ Ամերիկան նաև հետաձգում է [1] Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ պնդելով, որ ռուսական համակարգն ու ամերիկյան կործանիչը չեն կարող միաժամանակ նույն երկրում լինել, քանի որ ռուսական համակարգերը կարող են հասկանալ տեխնիկական որոշ տվյալներ, որոնք թույլ կտան որսալ ամերիկյան կործանիչը։

100 միավոր F-35-եր Թուրքիային պետք է մատակարարվեր այս տարվանից սկսած, սակայն փետրվարին ԱՄՆ–ն մատակարարումը հետաձգեց մինչև նոյեմբերի 1–ը։

Ռուսական ՀՕՊ համակարգերը չգնելու համար Ամերիկան Թուրքիային առաջարկում է իր Patriot ՀՕՊ համակարգերը, սակայն Թուրքիան պնդում է, որ առաջարկվող պայմաններն իրեն հարմար չեն։  

Հարկ է նշել, որ ռուսական արտադրության Սու–57 կործանիչների գնումով Թուրքիան սպառնում է ԱՄՆ–ին։ Այս մասին հայտարարությունները տարածվեցին դեռ 2018-ից, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր օրինագիծ, որով պաշտպանության դեպարտամենտին արգելվում էր Թուրքիային վաճառել ծանր սպառազինություն, այդ թվում՝ F-35 կործանիչներ, մինչև Պենտագոնը չներկայացնի Թուրքիայի կողմից S-400-ների գնման, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույց-գնահատական:

Այսպիսի հայտարարություններ նորիս սկսեցին տարածվել վերջերս ԱՄՆ–ի կողմից Թուրքիային F-35-երի անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը դադարեցնելուց հետո։ 

Նկատենք, որ Թուրքիայի համար բավականին բարդ կլինի յուրացնել ռուսաստանյան ինքնաթիռները: Վերջին տարիներին Թուրքիայում նկատվում է անգամ ամերիկյան արտադրության F-15/16 դասի ինքնաթիռների ռազմական օդաչուների սուր պակաս, իսկ Սու-57-երը կպահանջեն նոր օդաչուներ, նոր ենթակառուցվածքներ և հսկայական ծախսեր:

Հավելենք նաև, որ Ռուսաստանը Սու–57 կործանիչի համատեղ արտադրության ոչ այնքան հաջող փորձ ունի Հնդկաստանի հետ։ 10 մլրդ դոլար գնահատվող այս նախագիծը հնդկական կողմը սառեցրել է դեռ 2018թ. ամռանը։ 

Հնդկաստանցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ դժգոհությունների պատճառներից է, որ Ռուսաստանի հետ համատեղ արտադրվելիք կործանիչներրը իրենց բնութագրերով չեն համապատասխանում ամերիկյան F-35-ին։ Ինքնաթիռը արմատական կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, բայց ռուսաստանյան ներկայիս նախատիպը դա թույլ չի տալիս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *