Ապրիլի 30–ին Ստամբուլում մեկնարկած IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ուկրաինական ընկերություններից «Սպեցտեխնոէքսպորտը» մի քանի պայմանագիր է կնքել թուրքական Aselsan ընկերության հետ։
«Սպեցտեխնոէքսպորտի» պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագրերը վերաբերում են հակատանկային միջոցների համար ջերմադիտարկման սարքերին և ռադիոկապի միջոցներին։ Ուկրաինական ընկերության տնօրենի խոսքերով՝ Aselsan-ը (աշխարհում ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած 100 ընկերություններից մեկը․ SIPRI) Ուկրաինայի համար ռադիոկապի միջոցների հիմնական մատակարարն է։
Ցուցահանդեսի ընթացքում նաև հանդիպել են Թուրքիայի ՊՆ պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմաիլ Դեմիրը և «Ուկրօբորոնպրոմ» ընկերության տնօրեն Պավել Բուկինը։ Իսմաիլ Դեմիրի հայտնել է, որ Ուկրաինայի շնորհիվ Թուրքիան կկարողանա արտադրել նոր տանկ ու կլուծի զրահատեխնիկայի շարժիչների խնդիրը։ Հիշեցնենք, որ Թուրքիան երկար ժամանակ իր «Ալթայ» տանկի համար շարժիչի փնտրտուքի մեջ էր։
«Սպեցտեխնոէքպորտը» նախնական պայմանագիր է ստորագրել նաև թուրքական MKEK ընկերության, որով նախատեսում է Թուրքիային մատակարարել 120 մմ տրամաչափի «Կոնուս» հակատանկային կառավարվող հրթիռներ։
IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են նաև Ադրբեջանն ու Ռուսաստանը, որոնց ներկայացվածության ու գործարքների մասին կարող եք ավելի մանրամասն կարդալ այս հոդվածներում (1,2)։