Թուրքիան հնարավոր է ստանա Ս–400 զենիթահրթիռային «Տրիումֆ» համակարգերի առանձին մասերի արտադրման լիցենզիա. ներկայումս տարվում են խորհրդատվական աշխատանքներ:
Այս մասին հայտնել է ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության փոխտնօրեն Սերգեյ Լադիգինը։ Փոխանցում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքը։
Լադիգինի խոսքերով, ներկայումս տարվում են խորհրդատվական աշխատանքներ, իսկ վերջնանպատակը Թուրքիային օգնելն է, որպեսզի վերջինս ունենա մեծ հեռահարության ազգային հակաօդային ու հակահրթիռային պաշտպանություն։
Բացի այս, պաշտոնյան նաև հաղորդել է Թուրքիայի հետ համատեղ 4++ դասի կործանիչ արտադրելու հեռանկարի մասին, որը, սակայն փորձնական խորհրդատվության մակարդակի վրա է դեռևս։
Հիշեցնենք, որ վերջերս թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին, առ այն, որ Թուրքիան Ս-400-ների 36 արձակման կայան և 192 հրթիռ է ստանալու։ Իսկ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը օրերս հայտնել էր, որ ներկայումս «Ռոսօբորոնէքսպորտն» ունի թուրքական ընկերությունների հետ զրահատանկային միջոցների, ուղղաթիռների և այլ ավիացիոն միջոցների համատեղ արտադրության մի շարք ծրագրեր։