Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունը: Մասնակցելու համար դեռ ապրիլի 22-ին ժամանել էր թուրքական ստորաբաժանում:
Զորավարժությունը անցկացվում է Բաքվից դեպի արևմուտք շուրջ 30կմ հեռավորության վրա գտնվող զորավարժարանում: Ադրբեջանական կողմից մասնակցում են Ադրբեջանի ԶՈւ 4-րդ (թիկունքային՝ Բաքվի կորպուս) կորպուսի ստորաբաժանումները:
Կադրեր թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից
Վարժանքներին ներգրավված են Տ-90 և Տ-72 տանկեր, ԲՏՌ-82Ա զրահափոխադիչներ, բազմանպատակային SandCat զրահամեքենաներ, հրետանային միջոցներ, դյուրակիր ԶՀՀ-ներ, Մի-24/35 հարվածային և Մի-8/17 բազմանպատակային ուղղաթիռներ:
Զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ստորաբաժանումների համատեղ գործողությունների մշակման և իրագործման կարողությունների բարձրացումն է:
Վարժանքները տևելու են մինչև մայիսի 3-ը:
Նման ձևաչափով զորավարժություն Ադրբեջանում անկացվել էր 2017 թվականին, ընդ որում՝ հենց այս օրերին: Դրան ներգրավվել էին շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ: