Ապրիլի 29–ին Ղրղզստանում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղի զինված ուժերին է փոխանցել 2 միավոր Մի–8ՄՏ ուղղաթիռներ և 9 միավոր ԲՐԴՄ–2Մ զրահամեքենաներ։ Զինտեխնիկան Ռուսաստանը փոխանցել է անվարձահատույց։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։
Ուղղաթիռների և զրահամեքենաների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ղրղզստանում տեղակայված ռուսական «Կանտ» ավիաբազայում։ Ըստ ռուսաստանյան կողմի՝ նվիրված զինտեխնիկայի ընդհանուր արժեքը 385 միլիոն ռուբլի է (ապրիլի 29–ի փոխարժեքով՝ 5.96 միլիոն դոլար)։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Ռուսաստանը ներել էր Ղրղզստանի 240 միլիոն դոլարի պարտքը։ 2016 թվականին Ռուսաստանը Սերբիային անվարձահատույց փոխանցել էր 6 միավոր ՄիԳ-29 և 30 միավոր տանկ, ինչպես նաև Բելառուսի սպառազինությունում առկա են Ս-300ՊՍ ԶՀՀ-ներ, որոնք Ռուսաստանը նվիրել է միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում։