Չինաստան կատարած այցի շրջանակներում ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է չինական խոշոր Poly Group կոնցեռնի ղեկավարին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:
Ադրբեջանի նախագահականի հայտարարությունում ռազմական համագործակցության մասին հատվածներ չկան: Ըստ հայտարարության՝ քննարկվել են քաղաքացիական՝ գյուղատնտեսութան, ՏՏ և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Հարկ է ընգծել, որ Poly Group կոնցեռնը քաղաքացիական նշանակության գործունեությունից զատ, նաև երկրի ռազմարդյունաբերական խոշոր կառույցներից է, ինչպես նաև զբաղվում է չինական ռազմարդյունաբերական արտադրանքի միջազգային մարքեթինգով:
Օրինակ՝ կոնցեռնի կազմոմ գործող Poly Technologies ընկերությունը զբաղվում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռների միջազգային մարքեթինգով, իսկ հրթիռները արտադրում է չինական մեկ այլ՝ China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը:
Նշենք, որ անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկու անգամ հանդիպել է Poly Technologies ընկերության ներկայացուցիչներին: