Տաջիկստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 201-րդ ռազմաբազան համալրվել է 4 միավոր «Օրլան-10» տեսակի անօդաչու թռչող սարքերով։ ԱԹՍ-ները նախատեսված են համալրելու ռամաբազայում նոր կազմավորվող անօդաչուների գումարտակը, որի վերջնական ձևավորումը նախատեսվում է ավարտել 2019 թվականի հունիսին։
Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Նոր կազմավորվող գումարտակը բացի «Օրլան-10» ԱԹՍ-ներից, զինված կլինի նաև «Լեյեր-3», «Էլերոն», «Գրանատ», «Տախիոն» և «Ֆորպոստ» ԱԹՍ-ներով։ «Օրլան-10» ԱԹՍ-ներով զինված է նաև ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան։
Նշենք, որ 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի՝ իր տարածքից դուրս գտնվող ամենամեծ ռազմաբազան է և տեղակայված է Դուշանբե ու Բոխտար քաղաքներում։ Հարևան Աֆղանստանում ահաբեկչական կազմակերպությունների ակտիվ գուրծունեության հետ կապված թե՛ այս բազայի, թե՛ Տաջիկստանի նկատմամբ ուշադրությունը մեծ է։ Այստեղ բազմաթիվ զորավարժություններ են անցկացվում հակաահաբեկչական սցենարներով (1,2,3), ինչպես նաև Ռուսաստանը բազմիցս անվարձահայտույց զինտեխնիկա է նվիրել Տաջիկստանին (1,2)։ Իսկ 2017 թվականին, Աֆղանստանի հետ սահմանները ամրացնելու համար, Ռուսաստանը անհատույց հիմքերով Տաջիկստանի համար պատրաստում էր ԶՈւ մարտավարական խմբեր։