Սիրիայում ականզերծման աշխատանքներ իրականացնելու ժամանակ վիրավորված հայ սակրավորը Մոսկվայում կրկնակի վիրահատությունից հետո վերադարձել է Հայաստան։ Վերքն ապաքինվելուց հետո նրա ոտքը կպրոթեզավորվի։
Այս մասին Armenpress-ին հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
Հիշեցնենք, որ սակրավորը վիրավորվել էր մարտի 7-ին, պատճառը՝ պլաստիկե իրանով ծուղակ ականն էր եղել։ Սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել էր։
Հավելենք նաև, որ 83 անձից բաղկացած հայ մասնագետների, այդ թվում՝ բժիշկների, սակրավորների ու նրանց անվտանգությունը պահպանող մասնագետների խումբը Սիրիա էր մեկնել փետրվարի 8-ին։ Մարտի դրությամբ հայ մասնագետները ականազերծել էին ավելի քան 10 510 մ քառակուսի տարածք, կատարել էին շուրջ 50 վիրաբուժական և 100 թերապևտիկ բնույթի օգնություն, ինչպես նաև 160-ից ավելի կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություններ։