Ապրիլի 13–ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտնել է, որ այս պահին Օդեսայում են նոր ստացած 35 միավոր HMMWV («Համմեր») մեքենաները, որոնցից 20–ը զրահապատ են։ 15 միավորը օգտագործվելու է ռազմաբժշկական նպատակներով։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ կայքը։ Ըստ աղբյուրի՝ նախարարը նշել է նաև, որ ստացած տեխնիկան ուղարկվելու է մարտական գործողություններին ներգրավված ստորաբաժանումներին։
Չնայած Ուկրաինայի ՊՆ–ն հստակ չի նշում մատակարար երկրի անունը, սակայն կոնտեքստից կարելի է ենթադրել, որ այս մեքենաները ԱՄՆ–ն է փոխանցել Ուկրաինային։ Նախկինում ևս այս նույն զրահամեքենաներից ԱՄՆ–ն մատակարարել էր։
Նախարարի խոսքով` երկրի դաշնակիցների ու գործընկերների՝ մասնավորապես ԱՄՆ–ի, կողմից զինտեխնիկական օժանդակությունների թիվը աճել է և ընդհանուր առմամբ ԱՄՆ–ն մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցույց տվել Ուկրաինային։ «Դրանց մեջ մտնում են Javelin հակատանկային միջոցներ, ԱԹՍ–ներ, ՌԷՊ, կապի, հրետանու հետախուզության միջոցներ»,– նշել է նախարարը։
Նշենք, որ դեպքը եզակի չէ։ Վերոնշյալ Javelin հակատանկային համալիրները Ուկրաինան ստացել էր 2018 թվականին, իսկ ավելի վաղ՝ 2016 թվականին, ԱՄՆ–ն Ուկրաինային էր տրամադրել 23 միլիոն դոլարի զինտեխնիկա՝ շուրջ 21 միլիոն դոլարին համարժեք անվտանգ ռադիոկապի միջոցներ, ինչպես նաև 2 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ։ Իսկ «Համմեր» մեքենաներ Ուկրաինան ԱՄՆ–ից երկու խմբաքանակով ստացել էր նաև 2015 թվականին՝ սկզբում՝ 10, այնուհետև՝ 100 միավորով։
Միացյալ Նահանգները Ուկրաինային անհատույց ռազմական օգնություն ցուցաբերող միակ երկիրը չէ։ Օրինակ՝ 2017 թվականին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրի հետ ստորագրել էր համաձայնագիր, որով Թուրքիան 5 տարի շարունակ տրամադրելու էր տարեկան 3 միլիոն դոլար, որով Ուկրաինան գնումներ պիտի իրականացներ թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններից։