Հնարավոր է՝ ՀՀ-ում ռուսական բազան վերանորոգի Գյումրու ճանապարհների որոշ հատված․ կողմերը քննարկում են

2019 թվականի ապրիլի 10–13–ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ տարածքում 102–րդ ռազմաբազայի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը: Քննարկման հարցերից մեկը վերաբերում էր ռուսական ռազմաբազայի տեխնիկայի ուժերով Գյումրիի քաղաքային ճանապարհների հատվածների նորոգմանը։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Նշվում է, որ քննարկվել են նաև նախորդ նիստի որոշումների կատարման, ռուսական կողմին հանձնված և հանձնման ենթակա ՀՀ տարածքում 102–րդ ռազմաբազայի տեղակայման կետերի օգտագործման իրավունքի գրանցման վկայականների համադրման, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ռազմավանների գործունեությանն առնչվող այլ հարցեր:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հայ–ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանը։

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության ստորագրումը
Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության ստորագրումը

Միջպետական հանձնաժողովի անդամները դիտարկման նպատակով այցելել են նաև Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազա:

Հավելենք նաև, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռևս 2015 թվականին նամակ էր ուղարկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ առաջարկելով ՌԴ միջոցներով վերանորոգել Գյումրու քաղաքային ճանապարհների այն հատվածները, որոնք վնասվում են ռուսական ռազմաբազայի տեխնիկայի շարժի պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *