Ռուսական Ս–350 «Վիտյազ» հակաօդային պաշտպանության նոր համակարգերը հաջողությամբ անցել են պետական փորձարկումներն ու դրվել են սերիական արտադրության։ Առաջին համալիրի մատակարարումը կլինի 2019 թվականին։
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Փոխնախարարի խոսքերով Ս–300ՊՍ համակարգերին փոխարինելու եկած Ս–350–ների պետական փորձարկումները հաջողությամբ ավարտվել են մարտի 26–ին և միաժամանակ մեկնարկել է համակարգերի սերիական արտադրությունը։
Հիշեցնենք, որ փետրվարին ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ Ս–350 համակարգերը առաջինը կստանա Լենինգրադի շրջանում գործող օդատիեզերական ուժերի ՀՕՊ ուսումնական կենտրոնը։
Ս–350 զենիթահրթիռային համակարգերը արտադրում է ռուսաստանյան «Ալմազ-Անտեյ» ընկերությունը և աշխատում է ԲԱԶ ավտոմեքենայի հիմքի վրա ստեղծված հրամանատարական կետի և տարածության էլեկտրոնային սկանավորմամբ տեղորոշիչ կայանի հետ։ «Վիտյազն» ինքնագնաց արձակման կայան է, որը զինված է 12 միավոր հրթիռներով ու կարող է թիրախը խոցել առավելագույնը 60 կմ հեռավորության և 30 կմ բարձրության վրա։
Նշենք, որ փորձարկումների նախատեսված ժամկետը մի քանի անգամ էականորեն խախտվել է։ Համակարգերը նախագծվել են դեռևս 2007 թվականից, իսկ ՊՆ–ի հետ պայմանագիրը կնքվել է 2010 թվականին։ 2011 թվականին փորձարկվել է 2 հրթիռ, սակայն հրթիռի ինքնաուղղորդվող գլխիկի հետ խնդիրներ են եղել։ Այդ ժամանակ նախատեսված էր պետական փորձարկումներն ավարտել 2013 թվականին։
Այնուհետև՝ 2013-ի ձմռանը, երկրի օդատիեզերական զորքերի հրամանատարը արտադրող ընկերության հետ փորձարկումների նոր ժամկետ նշանակելիս դժգոհություն էր հայտնել դրանց ուշացման հետ կապված։ Դրանից հետո 2014-ի սկզբին «Ալմազ-Անտեյի» բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ «Վիտյազը» սերիական արտադրության կդրվի 2015-ին։ Ավելի ուշ՝ 2015-ին, «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալության աղբյուրը հայտնել է, որ գործարանային փորձարկումներին արձակման կայանի հետ խնդիրներ չեն եղել, շարունակվում են հրթիռների փորձարկումները։