Ռուսաստանի ռազմածովայի ուժերի Կասպյան նավատորմիղի համար նոր նավահանգստի շինարարական աշխատանքների առաջին փուլը կավարտվի այս տարի։ Նավատորմիղը մշտական տեղակայման նոր վայրերը կլինեն
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում և հարևան Կասպիյսկ քաղաքում:
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը. փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Պաշտոնյայի խոսքերով՝ Կասպյան նավատորմիղի համար Դաղստանում նոր տեղակայման վայրի շինարարության տեմպերը աճում են, ինչը թույլ կտա 2019 թվականին ավարտել շինարարական և կահավորման աշխատանքների առաջին փուլը։
Հիշեցնենք, որ Կասպյան նավատորմիղը ներկայումս տեղակայվում է Աստրախանում, իսկ տեղակայման վայրը փոխելու որոշման մասին հայտնի էր դարձել 2018 թվականի ապրիլին, սակայն Կասպիյսկի նավահանգստի ոչ բարվոք վիճակի պատճառով սկսվեցին շինարարական աշխատանքներ։ Մախաչկալա և Կասպիյսկ քաղաքները գտնվում են Աստրախանից հարավ՝ ավելի քան 500 կմ հեռավորության վրա և այդպիսով Ռուսաստանը իր ՌԾՈՒ տեղակայման վայրը ավելի է մոտենցում Կասպից ծովը կիսող հարևաններ Իրանին ու Ադրբեջանին։
Կասպյան նավատորմը Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ենթակայության տակ է: Կազմում ընդգրկված են հրթիռային պարեկանավեր, փոքր հրթիռային և հրետանային նավեր, հրթռիային և հրետանային կատերներ, դեսանտային նավեր, ականազերծող նավեր, ծովային հետևակի և առափնյա անվտանգության հրետանային զորքերի ստորաբաժանումներ: