Այսօր «Բաղրամյան» զորավարժարանում ավարտվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի վարժանքների ակտիվ փուլը, որը ուղեկցվեց մարտական կրակով։ Զորավարժությունը չուներ սցենար, մարտի ժամանակ ստորաբաժանումների հրամանատարական կազմին տրվում էր առաջադրանք և նրանք որոշումները կայացնում էին տեղում։
Վարժանքներին ներգրավված էր ավելի քան 1500 զինծառայող և 400-ից ավելի զինտեխնիկա, այդ թվում՝ «Գռադ» ՀԿՌՀ, «Ինֆաունա» ՌԷՊ համակարգ, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, 122 մմ «Ակացիա» ինքնագնաց հաուբից, 2Ս12 «Սանի» ականանետեր, «Իգլա» դյուրակիր ԶՀՀ-ներ, Սու-25, ինքնաթիռներ, Մի-8, Մի-24 ուղղաթիռներ ևն։
Զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը հայտնեց, որ վարժանքները ներառում են տարբեր տեսակի մարտի ձևեր՝ թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական։ Հիմնական խնդիրն էր ջախջախել հակառակորդին, վերականգնել առաջնագիծը և գրոհել առաջ առանց կանգնելու։
Նրա խոսքով՝ մարտական կրակի ժամանակ զինատեսակները գործարկելիս ոչ մի խոչընդոտ չի առաջացել։ 102-րդ ռազմաբազայի հրամանատարը և զորախմբի հրամանատարը հայտնեցին, որ առաջադրանքները և դրված նպատակները կատարվել են։
Վարժանքները սկսվել են ապրիլի 1-ից։
Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:
Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի որոշմամբ՝ զորավարժությանը հետևում էին ռազմական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողները։ Գեներալ-մայորը կուրսանտներին բացատրեց, թե ինչու է նրանց ներկայությունը կարևոր․
«Կարևոր է, որ դուք ուսուցանվողի և ուսուցանողի դերում պատկերացնեք․
ա․ Զինվորի մարտական պատրաստության ամենամաբարձր մակարդակը մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունն է, քանի որ զինվորը զինվոր է դառնում՝ «վառոդի հոտը» զգալով։
բ․ Պետք է որպես գումարտակի և գնդի ապագա հրամանատարներ տարանջատեք, թե որոնք են վարժանքների առանց մարտական հրաձգության և մարտական հրաձգությամբ դրվագները։
գ․ Ինչպես են գնահատում զորավարժությունը՝ մարտական կրակային պատրաստության և մարտական պատրաստության տեսանկյունից։»