Հնդկաստանի կառավարությունը հաստատել է Ռուսաստանից 464 միավոր Տ–90ՄՍ տանկերի գնումը։ Հնդկաստանը տանկերի համար կվճարի 1.93 միլիարդ դոլար։
Այս մասին հայտնում է բրիտանական Jane’s ռազմական հանդեսը։
Հանդեսի փոխանցմամբ՝ տանկեր գնելու որոշման հաստատումը գործարքի նախավերջին քայլն է․ մնում է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտի» հետ պայմանագրի կնքումը։
Նշենք, որ 464 միավոր Տ–90ՄՍ տանկերի ձեռքբերման մասին Հնդկաստանի ՊՆ–ն որոշում էր կայացրել դեռևս 2016 թվականին։ Այն ժամանակ նշվում էր, որ տանկերը պիտի տեղակայվեն Պակիստանի հետ սահմանին և Հնդկաստանի բանակում գտնվող 850 միավոր Տ–90–երին մինչև 2020 թվականը պիտի ավելանա ևս 800 միավոր Տ–90 տանկեր։
Հնդկաստանը առաջին երեք Տ-90 տանկերը փորձարկումների համար Ռուսաստանից գնել է դեռևս 1999-ին։ 2001 թվականին երկու կողմերը կնքել են 310 միավոր Տ-90 տանկերի գնման պայմանագիր, որի գինը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար։ 2006-ին Հնդկաստանը գնել է ևս 330 տանկ, որոնց համար վճարել է շուրջ 800 մլն ամերիկյան դոլար։ 2007-ին Հնդկաստանը գնել է ևս 347 Տ-90 տանկ, որի համար վճարել է 1,2 մլրդ ամերիկյան դոլար։
Իսկ դեռևս 2001-ին Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր, որով հնդկական գործարաններում արտոնագրով 1000 Տ-90 տանկեր արտադրելու իրավունք է ստացել։ Հնդկաստանում արտադրված առաջին տանկերը զինված ուժերին են տրամադրվել 2009-ին, իսկ տանկերի արտադրության ավարտը նախատեսված է 2020-ին։
Հավելենք նաև, որ 2014 թվականին Հնդկաստանը հայտարարել էր Տ–90 տանկերի արդիականացման մրցույթ, քանի որ տանկերը չունեին օդափոխման համակարգ և փոխարինվելու էին նաև կրակի կառավարման ու նավիգացիոն համակարգերը, պաշտպանական հանգույցներն ու ջերմացուցիչ սարքավորումները։
Տ-90 տանկեր կան Ռուսաստանի, Ալժիրի, Թուրքմենստանի, Իրաքի, Սիրիայի, Ուգանդայի, Վիետնամի, նաև Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ: Վերջինս տանկի ամենախոշոր օպերատորներից է։