Ապրիլի 5–ին Պենտագոնի ներկայացուցիչ, F-35 կործանիչների միջկառավարական ծրագրերի ղեկավար դեր-ադմիրալ Մաթիաս Վինթերը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված զեկույցում հայտարարել է, որ Lockhed Martin ընկերության F-35 5–րդ սերնդի կործանիչների հավանական գնորդներից մեկը կարող է լինել Լեհաստանը։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշենք, որ Լեհաստանի ազգային պաշպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը մարտին հաստատել էր մինչև 2026 թվականը բանակի արդիականացման ծրագիրը, որով նախատեսվում էր ձեռք բերել 5–րդ սերնդի կործանիչներ, որոնք պիտի փոխարինեին խորհրդային արտադրության Սու–22 և ՄիԳ–29 կործանիչներին։ Չնայած նախարարը չէր նշել թե կոնկրետ ինչ կործանիչի մասին է խոսքը, BMPD բլոգը ենթադրել էր, որ Բլաշչեկի նշած 5–րդ սերնդի կործանիչները հենց F-35–երն են։
Ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (ЦАСТ) bmpd բլոգը, հղում անելով լեհ փորձագետներին, հայտնում է, որ 32 միավոր F–35 կործանիչները կարժենան ամենաքիչը 5.27 միլիարդ դոլար։

Մաթիաս Վինթերի հաղորդմամբ, բացի Լեհաստանից F-35 կործանիչներ կարող են ձեռք բերել Ռումինիան, Հունաստանը, Իսպանիան ու Սինգապուրը։