PKK-ն ամփոփել է Թուրքիան լքելու գործընթացի առաջին փուլը

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կամզակերպության՝ Թուրքիան լքելու գործընթացի առաջին փուլի մանրամասները։

Մայիսի 8-ին սկսված դուրսբերման գործընթացից 45 օր անց PKK-ի ուժերը լքել են Շըրնաքը, Հաքքարին, Վանը, Մարդինը, Դիարբեքիրը, Սղերթը (Սիիրթ), Էլազիզը, Բյուրակնը և Ամանոսլարը։

Ներկայում PKK-ների խմբերը դուրս են բերվում Թուրքիայի սևծովյան շրջաններից, Սեբաստիայից, Թոքաթից ու Դերսիմից։

PKK-ի հրամանատարներից Բավեր Դերսիմը նշել է, որ կազմակերպության անդամներն ամբողջովին կլքեն Թուրքիայի տարածքը մինչ սեպտեմբերի 1-ը, երբ տոնում են Խաղաղության օրը։

PKK

Մամուլի ասուլիսի ժամամանակ PKK-ի հրամանատարներն անդրադարձել են հունիսի 20-ի դեպքին, երբ քրդական ուժերը կրակ էին արձակել թուրք բարձրաստիճան գեներալներին տեղափոխող ռազմական ուղղաթիռի վրա։ PKK-ի ներկայացուցիչները նշել են, որ այդ դեպքի հետ կապված կազմակերպությունում հետաքննություն է իրականացվում և այլ մանրամասներ չեն հայտնել։

PKK-ի ղեկավարները նաև նշել են, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են անմիջապես վերադառնալ Թուրքիա։

Հիշեցնենք, որ շուրջ 30 տարի զինված պայքարից հետո այս տարվա մարտին Դիարբեքիրում ընթերցվեց թուրքական բանտում ցմահ ազատազրկում կրող, քրդական կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվել էր PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից։

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է  1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *