2018- ձմեռային զորակոչին «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր է կնքել 70 զորակոչիկ

2018 թվականի ձմեռային զորակոչին «Պատիվ ունեմ» ծրագրին դիմել է 98 քաղաքացի, որոնցից պայմանագիր է կնքվել 70-ի հետ։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարարությունը՝ ի պատասխան Ռազմինֆոյի հարցմանը։

Նախանցած՝ ամառային զորակոչին՝ ուսումնական տարվան ընդառաջ, «Պատիվ ունեմ»-ով ծառայելու ցանկություն էր հայտնել 271 զորակոչիկ, պայմանագիր էր կնքել՝ 244-ը։

Նշենք, որ ծրագրով նախատեսված զինվորական պատրաստության դասընթացը սկսում է 2-րդ կուրսի առաջին կիսամյակից, ըստ այդմ՝ բացի դիմորդներից, պայմանագիր կարող են կնքել ձմեռային զորակոչին ենթակա առաջին կուրսեցիները։

Պաշտպանության նախարարությունը 2018-2019 ուստարվա համար «Պատիվ ունեմ» ծրագրով հատկացրել էր 500 տեղ: 

  • 450 տեղը՝ դասակի հրամանատարի պաշտոնում ծառայելու համար՝  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում` հրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ,
  • 50 տեղ՝ բժշկական պաշտոնում ծառայելու համար՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` բուժական գործ մասնագիտությամբ:

Գործող որոշմամբ՝ «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակիցները ընտրվում են մրցույթով, որը կազմակերպում է Գնահատման և թեստավորման կենտրոնը, սակայն ՊՆ-ն մտադիր է փոխել կարգը, քանի որ 2018/2019 ուսումնական տարվա արդյունքները ցույց են տվել, որ թեստավորումն անցած լինելու հիմքով պայմանագրեր են կնքվել ցածր առաջադիմությամբ բավականին թվով քաղաքացիների հետ, որոնց հետ հետագայում լուծարվել է պայմանագիրը՝ համալսարանից դուրս մնալու պատճառով։

Ծրագրի մասնակիցները իրավունք ունեն բուհում անվճար սովորել և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալ։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։

3 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *