Իլհամ Ալիևը այցելել է հատուկ նշանակության ուժերի նոր զորամաս

Ապրիլի 2-ին Իլհամ Ալիևը այցելել է Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նորաբաց ուսումնական կենտրոն, ծանոթացել պայմաններին, դիտել ցուցադրական վարժանքներ, ինչպես նաև ռազմատենչ հայտարարություններ արել:

Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նորաբաց ուսումնական կենտրոնը տեղակայված է Բաքվից շուրջ 5 կմ դեպի արևմուտք: Մեր դիտարկմամբ՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա աշնանը և վերջնական ավարտվել 2019թ. մարտին: Նշենք, որ սա Ադրբեջանի հատուկջոկատայինների միակ ուսումնական կենտրոնը չէ:

Ալիևին ուղեկցել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովը, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերի հրամանատար Հիքմեթ Միրզեևը: 

Իլհամ Ալիևի այցը Ադրբեջանի ԶՈւ հատունկ նշանակության ուժերի ուսումնական կենտրոն
Իլհամ Ալիևի այցը Ադրբեջանի ԶՈւ հատունկ նշանակության ուժերի ուսումնական կենտրոն

Այցի ընթացքում Ալիևը սեղանի շուրջ հանդիպել է հատուկջոկատայիններին, խոսել բանակի զարգացման, Արցախյան հակամարտության, մարտի 29-ին Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին: Նա հայտարարել է, որ «հայկական կողմը փորձում է փոխել ձևաչափը, սակայն իրենք կանխել են դա», ինչպես նաև ևս մեկ անգամ կրկնել, որ «պատերազմը չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը»:

Հատկանշական է նաև Ալիևի այցի օրը: Ապրիլյան մարտերում ադրբեջանական հենց այս ստորաբաժանումն էր մեծ կորուստներ կրել: Մեզ հայտնի է 29 սպանված հատուկջոկատայինի անուն, ընդ որում՝ նաև ղեկավար կազմից: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *