«ԻՊ»–ին անդամակցած ՌԴ ԶՈւ նախկին սպան դատապարտվել է

Ապրիլի 2–ին՝ Ռոստովում, Հյուսիսային Կովսկասի շրջանային ռազմական դատարանը Ռուսաստանի ԶՈւ պահեստազորի կապիտան Դենիս Խիսամովին դատապարտել է 19 տարվա ազատազրկման և կոչումազրկման։ Խիսամովը մեղադրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու համար։ Նա զինվորական ծառայությունից դուրս էր եկել 2009 թվականին։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Դենիս Խասիմովը դատապարտվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով՝ 205.3 (ուսուցում անցնել ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով) և 205.5 հոդվածի 2–րդ կետով (Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորումներին անդամակցություն)։ «Իսլամական պետությունը» Ռուսաստանում 2014 թվականի դեկտեմբերից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Խիսամովը խոստովանել է, որ հատուկ պատրաստություն է անցել Ռաքքա քաղաքում և 2015-2016 թվականներին ԻՊ կողմից Սիրիայում մասնակցել է շուրջ 10 գործողության, այդ թվում Էր–Ռայ բնակավայրի գրավմանը, որտեղ պայթյունի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել 13 մարդ։

Դենիս Խիսամովը նախկինում ևս հայտնվել է օրինապահների ուշադրության կենտրոնում։ 2015 թվականին նա ձերբակալվել էր կեղծ թղթադրամներ օգտագործելու համաև, սակայն 500 հազար ռուբլի (2015 թվականի մայիսի փոխարժեքով մոտ 10 հազար դոլար) գրավի դիմաց ազատվել էր կալանքից և մեկնել էր Սիրիա։ Այնուհետև, հայտվելով Թուրքիայում, 2 անգամ կողոպտել էր տարադրամի փոխանակման կետ (ընդհանուր մոտ 230 հազար դոլար), որի համար ձերբակալվել էր և ավելի ուշ Տաջիկստանի միջոցով փոխանցվել էր Ռուսաստանին։

Հյուսիսային Կովկասում «ԻՊ» գործունեության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այս հոդվածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *