Մարտի 27–ին Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը Ղրիմում ձերբակալել է 20 հոգու, որոնք «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» («Իսլամական ազատագրման կուսակցություն») կազմակերպության անդամներ են։ Կուսակցությունը Ռուսաստանում համարվում է ահաբեկչական և նրանց գործունեությունը արգելված է երկրի տարածքում։
Այս մասին հայտնում է Դաշնային անվտանգության ծառայության կայքը։
Անվտանգության ծառայության փոխանցմամաբ՝ կազմակերպության անդամները փորձել են սեփական շարքերը հավաքագրել Ղրիմում ապրող մուսուլմաններին և հակասահմանադրական գործունեություն են ծավալել։ Ձերբակալության ժամանակ անվտանգության աշխատակիցները խմբավորման մոտ հայտնաբերել են իսլամի արգելված քարոզչական գրականություն, կապի միջոցներ և ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչներ։
ՌԴ ՊՆ հեռուսաալիքը, հղում անելով դատարանին, հայտնում է, որ 20 անդամներից 9–ը մինչև մայիսի 15–ը կալանավորված կմնան։ Նրանց սպառնում է ՔՕ 205.5 հոդվածի 2 կետով (Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորումներին անդամակցություն) 10-20 տարի ազատազրկում։ Նշենք, որ «Հիզբ ութ–Թախրիր ալ–իսլամի» կուսակցությունը Ռուսաստանում արգելված է 2003 թվականից։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպությունը որակվում է որպես «ծայրահեղական գաղափարախոսության տարածող»։
Կազմակերպությունը, բացի արաբական և աֆրիկյան երկրներից, գործում է նաև որոշ ԱՊՀ երկրների տարածքում, այդ թվում նաև՝ Ադրբեջանում։