Իսրայելի օդուժը Հալեպի ուղղությամբ ավիահարվածներ է հասցրել

Մարտի 27-ին` երեկոյան ժամը 23։00-ի սահմաններում, Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիս-արևելյան Շեյխ Նաջար շրջանի մի շարք օբյեկտներ, ինչպես նաև Հալեպի օդանավակայանի շրջակայքը։ 

Այս մասին գրում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, նշելով, որ սիրիական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել Իսրայելի ուղղությամբ։ 

Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ ավիահարվածներից եղել է միայն նյութական վնաս։

Միաժամանակ «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը հայտնել է, որ Հալեպի օդանավակայանի տարածքի օբյեկտները, որոնց վրա Իսրայելը ավիահարվածներ է իրականացրել, Իրանի ԻՀՊԿ զորքերին պատկանող ռազմաբազաներ են։ Ինչպես նաև՝ աղբյուրը նշել է, որ ավիահարվածների հետևանքով եղել են զոհեր։ 

Նշենք, որ Իսրայելի օդուժը պարբերաբար ավիահարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում՝ պնդելով, որ դրանք ուղղված են Սիրիայում տեղակայված իրանական ստորաբաժանումներին: Նախորդ անգամ Իսրայելի օդուժն ավիահարված էր հասցրել այս տարվա հունվարի 21-ին, ինչի ժամանակ սպանվել էր 11 մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *