Մարտի 26-ին թուրքական պատվիրակությունը, այդ թվում՝ ՊԱԳՎ ներկայացուցիչներ, «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ու «Ռոքեթսան» ընկերությունների անդամները ներկա են եղել Մալայզիայում անցկացվող ռազմածովային ու ռազմաօդային տեխնիկայի ցուցահանդեսին ու դրա շրջանականերում մի քանի պայմանագրեր կնքել մալայզիական ընկերությունների հետ։
Նոր համագործակցությունների մասին գրված է Թուրքիայի ՊԱԳՎ թվիթերյան էջում։ Ըստ այդմ՝ թուրքական «Ռոքեթսանը» համագործակցության պայմանագիր է կնքել մալայզիական Pyrotechnical ordnance մասնավոր ընկերության հետ, որը զբաղվում է հրետանու արձակման լիցքերի, ինչպես նաև պարկուճների ու հրթիռների արտադրությամբ։
Մեկ այլ՝ ավիացիայի ոլորտում համագործակության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Թուրքական ավիաշինական ընկերության (TAI) և Մալայզիայի ավիաշինական արդյուանբերության ասոցիացիայի միջև։
Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են նաև թուրքական արտադրանքներ, այդ թվում՝ Թուրքական ավիաշինական ընկերությունը ցուցադրել է իր «Անքա» ԱԹՍ-ն և T129 «Աթաք» ուղղաթիռները։
Թուրքիան ու Մալայզիան ունեն ռազմարդյունաբերական ոլորտի համագործակցության մեծ փորձ։ Թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից «Ասելսան»-ը 2017թ․ հեռակառավարվող մարտական մոդուլների մշակմամբ զբաղվող նոր ընկերություն է հիմնադրել Մալայզիայում: Արդեն 2018թ․ մարտին «Ասելսան»-ը Մալայզիայի համապատասխան կառույցների հետ ստորագրել է այդ երկրի առափնյա անվտանգության հրամանատարության նավերի համար սեփական արտադրության մարտական մոդուլներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Դրանք մալայզիական կողմին նախատեսվում էր մատակարարել 2019-2020 թվականներին: