Ռուսաստանը հաստատում է Սիրիայում անհայտ կորած 3 սպաների մահվան լուրը

Փետրվարի 22–ին Սիրիայի Դեր–Զոր նահանգում Ռուսաստանի զինված ուժերի սպաներին տեղափոխող «ՈւԱԶը» ընկել էր դարանակալման մեջ, ինչի հետևանքով սպաները անհայտ կորած էին համարվում։ Այսօր՝ մարտի 26–ին, Ռուսաստանի ՊՆ–ն հաստատել է սպաների մահվան մասին լուրը։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, սպաները վերադառնում էին հումանիտար օգնություն փոխանցելու առաքելությունից։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դարանակալումը կազմակերպած շուրջ 30 զինյալը հայնաբերվել և ոչնչացվել են։

Նախքան Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությունը, դեպքի մասին հայտնել է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը, ինչպես նաև Ուկրաինայի «Գերագույն ռադայի» պատգամավոր Դմիտրի Տիմչուկը: Ըստ նրանց՝ զոհվածների թվում էին մայոր Սուխրոբ Կարիմովը և 3–րդ հատուկ նշանակության առանձին բրիգադի հրամանատար գնդապետ Օմարովը:

Մայոր Սուխրոբ Կարիմով
Մայոր Սուխրոբ Կարիմով

2019 թվականի ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ՌԴ ՊՆ–ն հայտնում է զինծառայողների մահվան մասին։ Առաջին դեպքում կառույցը հայտնել էր հունվարի 31–ին Սիրիայում զոհված Մաքսիմ Պլանտևի մասին։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Ռուսաստանը ընդունել է օրենք, որով խաղաղ ժամանակ հատուկ գործողությունների ընթացքում զոհվածների մասին տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *