Ուկրաինան 2019 թվականի մարտին ստացած թուրքական «Բայրաքթար» ТВ2 ԱԹՍ–ների վրա տեղադրել է թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած MAM-L (Smart Micro Munition) ուղղորդվող հրթիռ։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնը։ MAM-L կառավարվող թեթև ռազմամթերք է, նախատեսված ԱԹՍ–ների համար։ Հագեցած է լազերային նշանառության բարձր ճշգրտության համակարգով, ինչը թույլ է տալիս թիրախից շեղվել մեկ մետրից ոչ ավել։
MAM-L ուղղորդվող ռազմամթերք
MAM-L–ը Թուրքիայում վաղուց անցել է փորձարկումներ։ MAM-Lհրթիռները համալրված են լազերային ուղղորդման համակարգով և նախատեսված են մինչև 8 կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների խոցման համար: Հրթիռների զանգվածը 22,5 կգ է, որից մարտագլխիկը՝ 10 կգ: Մարտական մասը կարող է լինել ֆուգասային կամ կումուլյատիվ։

Հիշեցնենք, որ «Բայրաքթար» ТВ2 անօդաչու թռչող սարքերի ձեռք բերման մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր դեռևս հունվարին, իսկ արդեն մարտին այդ ԱԹՍ-ները Ուկարինայում էին։ Նշվում էր, որ ԱԹՍ–ների ձեռք բերման պայմանագիրը կարժենա 69 միլիոն դոլար, սակայն ուկրաինացի բլոգեր Դիանա Միխաիլովնան հայտնել էր, որ պայմանագիրը արժեցել է 2.179 միլիարդ գրիվնի կամ 80 միլիոն դոլար։
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մ,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել: