Թուրքիան կրկին սպառնում է Եփրատի արևելքում ռազմական գործողություններ սկսել

Մարտի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որտեղ հիմնականում քննարկվել է Սիրիայում, մասնավորապես՝ Եփրատի և Մանբիջի արևելքում քրդական ուժերի դեմ գործողությունները։ 

ԱԱԽ նիստից հետո տարածված հայտարարությունը փոխանցում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան շարունակելու է իր գործողությունները «ահաբեկչական համարվող կազմակերպությունների, այդ թվում՝ Գյուլենականների, «Քրդստանի աշխատավորական կուսակցության», «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների», «Իսլամական պետության»» դեմ։ 

Թուրքիայի ԱԱԽ նիստը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ
Թուրքիայի ԱԱԽ նիստը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ

Թուրքիան, ըստ էության, կրկին սպառնացել է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերին՝ պնդելով, որ «առանց Մանբիջի և Եփրատի արևելքում տեղակայված ահաբեկչական միավորների մաքրման հնարավոր չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատել»։ 

Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերի 12-ին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան շուտով նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) խմբավորման դեմ Եփրատի արևելքում։ Մինչ այսօր թուրք մի շարք պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, որ նոր գործողություն սկսելու համար գրեթե ամեն բան պատրաստ է, և այն շուտով սկսվելու է, սակայն այսօրվա դրությամբ նման գործողության մասին առնվազն հայտնի չէ։

Մանբիջում քրդական ուժերին աջակցում էր ԱՄՆ-ն, այստեղ թուրքական և ամերիկյան զինված ուժերը անցկացնում էին անկախ պարեկային գործողություններին։ Սակայն Էրդողանի հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից իր զորքերը դուրս բերելու մասին։ Այս իրավիճակում քրդերը մեղադրեցին ԱՄՆ-ին իրենց թուրքական սպառնալիքի առաջ միայնակ թողնելու համար։

Դեկտեմբերի 24-ին թուրքերը Ալ-Բաբ նահանգից շարասյունով շարժվեցին դեպի Մանբիջ, սակայն հաջորդ օրը Սիրիայի կառավարական ուժերը զորքերը դուրս բերեցին Առիմա թաղամաս, որը Մանբիջի ու Ալ-Բաբի մեջտեղում է, այսպիսով փակելով թուրքերի ճանապարհը դեպի Մանբիջ։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *