Դեռ 2018թ․ դեկտեմբերին ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածության մասին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ուղարկվել են անդամ երկրներին, սակայն դեռ հնարավոր չէ հստակ ասել, թե երբ կլինի նոր քարտուղարի նշանակումը։
Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերիյ Սեմերիկովը։
Երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին։ Նրա խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշմամբ՝ կազմակերպության քարտուղարի պաշտոնավարման ժամկետը Հայաստանինն է, սակայն գործընկեր երկրները համաձայն չեն։ Հայկական կողմն առաջարկել է նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ ՀԱՊԿ կանոնադրության մեջ ամրագրել, թե ինչ է լինում, երբ ժամկետից շուտ դադարեցվում է գործող քարտուղարի լիազորությունները։ Այս առաջարկը այժմ քննարկվում է։ Վարչապետը նաև ասել էր, որ հնարավոր չէ առանց Հայաստանի համաձայնության նոր գլխավոր քարտուղար նշանակվի։
Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովը ազատվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նա կազմակերպության գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի մայիսի 2-ին և պետք է պաշտոնավարեր մինչև 2020թ․։
Հավելենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Քրգործը դեռ ընթացքի մեջ է։