Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 16-22

Ադրբեջանում էլեկտրահարությունից զինվոր է մահացել։ Զոհված զինվորի մայրը չի հավատում ՊՆ-ին։ Հայտնի է 2012-ին Ադրբեջանի՝ ՌԴ-ից ձեռք բերած զենք-զինամթերքի ցուցակը։ Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։ Զորակոչիկներն SMS-ով կիմանան իրենց զորամասի մասին։ Հանդիպել են Սաֆար Աբիևն ու Իրակլի Ալասանիան

1. Հունիսի 20-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ Շամխորի բանակային կորպուսի զորամասերից մեկում զինվոր է մահացել։ Ադրբեջանի ՊՆ մամուլի փոխխոսնակ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է, որ Նաֆթչալինի շրջանից 2012-ին զորակոչված, 19-ամյա զինծառայող Սամեդով Արազ Սալման օղլուն մահացել է էլեկտրահարության պատճառով։

Հունիսի 7-ին Ադրբեջանում՝ Գանձակում, ևս մի զինվորի հուղարկավորության արարողություն էր. մեկ տարի առաջ զորակոչված Ադրբեջանի ըմբշամարտի չեմպիոն Միրգասիմ Ռուսթամովը զոհվել է հունիսի 5-ին ոչ մարտական պայմաններում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր տեսել են դին, միաձայն հարց են ուղղում ՊՆ-ին ու զինդատախազությանը՝ ինչու՞ թիկունքի վնասվածքից բացի՝ Ռուսթամովի ամբողջ մարմինը կապտուկներ ու վերքեր էին, ծեծի ու բռնության ենթարկվելու նշաններ։ Զոհված զինծառայողի մայրը հայտարարել է՝ չի հավատում պաշտոնական վարկածին, իսկ զինվորի հայրը հրաժարվել է մեկնաբանություններից՝ ասելով «Մենք չունենք ո´չ կառավարություն, ո´չ հայրենիք»։

Այսպիսով, եթե վստահենք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին՝ ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈւ-ն գրանցել է 46 զոհ, 36 վիրավոր:

2.  Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի՝ Ադրբեջանին շուրջ 700 մլն դոլարի սպառազինության վաճառքի վերաբերյալ։ Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել՝ Տ-90Ս տանկեր, ԲՄՊ-3 ՀՄՄ, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, Վենա» ինքնագնաց հրետանային համակարգ և «Բուռատինո»-ի նոր, մոդեռնիզացված տարբերակի՝ «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» հրանետի ձեռքբերելու վերաբերյալ։

3. Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Սովորական սպառազինության ռեգիստրին ՌԴ-ի տրամադրած արտահանման զեկույցից հայտնի է դարձել, թե 2012-ին ինչ ռազմական տեխնիկա է վաճառվել Ադրբեջանին. 8 հարվածային ուղղաթիռ, խոշոր տրամաչափի 18 հրետանային համակարգ, 200 հատ դյուրակիր ԶՀՀ և 1000 հրթիռ։

Մի-17

Մի-17

4. Սուրեթ Հուսեյնովի հեղաշրջման փորձի մասնակից, Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիխովի նկատմամբ միջազգային հետախուզություն է հայտարարված։ Զինդատախազության հատուկ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Սադիխովի նկատմամբ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով։ Ադրբեջանում հայտնի լրագրող Խաջիջա Իսմայիլովան գրել է, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հետապնդում են Սադիխովին, քանի որ նա քննադատել է Ադրբեջանի ԶՈւ կաշառակերությունը ու բռնատիրական կարգը։ Ռամիլ Սաֆարովի ազատումից հետո Սադիխովն առաջիններից մեկն էր, ով մեղադրեց ալիևյան վարչակարգին այդ քայլով Արցախի հիմնախնդրում հետընթաց ապրելու մեջ։

Սադիխովին Ադրբեջանի իշխանությունները վերհիշել են այն ժամանակ, երբ վերջինս, քաղաքական ապաստան ստանալով Նորվեգիայում ու չհրաժարվելով Ադրբեջանի քաղաքացիությունից, ցանկություն է հայտնել վերադառնալու հայրենիք՝ աջակցություն ստանալով Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի կողմից։ Ադրբեջանում այս թեմայի շուրջ հանդես եկած անկախ փորձագետները համոզված են՝ զինդատախազությունը հետապնդում է Սադիխովին զուտ քաղաքական դրդապատճառներով։

5. Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը հայտնում է, որ զորակոչի իրականացման գործընթացում փոփոխություններ են եղել. այսուհետ զորակոչիկների ու նրանց հարազատների բջջային հեռախոսներին ուղարկվելու են կարճ հաղորդագրություններ (SMS), որտեղ ընդգրկված է լինելու այն զորամասի մասին տեղեկություններ, որտեղ էլ տվյալ զորակոչիկը պետք է ծառայի։

6. Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիային։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *