ՌԴ ընկերությունների արտադրանքի առյուծի բաժինը ռազմականինն է, պետությունը փորձում է շտկել իրավիճակը

Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ «Ալմազ Անտեյ» ձեռնարկության մեջ մտնող գործարաններից մեկի կազմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պաշտպանական ձեռնարկությունները պետք է մեծացնեն քաղաքացիական արտադրանքի թողարկման բաժինը, քանի որ պետական պատվերը աստիճանաբանար նվազելու է։ 

Հայտարարությունը փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» 
պետական գործակալությունը։ Փոխվարչապետը հավելել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դիվերսիֆիկացիային (արտադրանքի բազմազանեցում)։ 

Նշենք, որ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած 2017 թ. ամենաշատ ռազմական արտադարանք վաճառած 100 ընկերությունների ցանկում Ս-400 ԶՀՀ-ն արտադրող «Ալմազ Անթեյ» ընկերությունը 10-րդն է, որը ընդհանուր առմամբ վաճառել է 9 միլիարդ դոլարի արտադրություն։ Քաղաքացիական ապրանքները կազմել են ընդհանուր եկամտի 6%-ը՝ 0.5 միլիարդ դոլար։

Դեռ երեք տարի առաջ՝ 2016 թվականին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջադրանք էր դրել ռազմարդյունաբերական ձեռնարկությունների առջև՝ աստիճանաբար մեծացնել քաղաքացիական նշանակության ապրանքների արտադրության ծավալները՝ 2030-ին հասցնելով 50%:

Դիվերսիֆիկացիան անհրաժեշտություն դարձրած գործոններից են օրինակ ԱՄՆ կիրառած պատժամիջոցները։ Ռուսական ընկերությունները, որոնք փամփուշտ են արտադրում, պատժամիջոցների պատճառով տարեկան կորցնում են 150 միլիոն դոլար։ Առհասարակ ռազմական և քաղաքացիական սպառման արտադրանքի հավասարակշռումը նվազեցնում է գործարանների սնանկանալու ռիսկերը։

Երկու օր առաջ էլ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պետրուշևը հայտնել էր, որ պետպատվերը առաջիկայում կնվազի, ինչի ֆոնին կարևոր է, որ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները պահպանեն իրենց ներուժն ու ֆինանսական կայունությունը։

Պետուշևը նաև մտահոգություն էր հայտնել, որ ձեռնարկությունները անտեղյակ են, թե ինչ պահանջարկ կա քաղաքացիական սպառման շուկայում։ Իսկ սպառազինություն պետական պատվերի նվազման պարագայում ձեռնարկությունները ստիպված են լինելու արտադրել քաղաքացիական շուկայի համար։

Համեմատության համար նշենք, որ 2016 և 2017 թթ. նույն «Ալմազ Անթեյ» ընկերության ռազմական արտադրության տոկոսը ընդհանուր վաճառքի մեջ գրեթե չի փոխվել, նույնիսկ երկու տոկոսով աճել է. 2016-ին՝ 92 տոկոս, 2017-ին՝ 94 տոկոս։ Իսկ օրինակ` «Вертолеты России» հոլդինգի դեպքում թվեերը զգալիորեն փոխվել են. 2016-ին՝ 91 տոկոս, 2017-ին՝ 81 տոկոս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *