ԱՄՆ–ն հնարավոր է ռազմաբազա տեղակայի Լեհաստանում

Վաշինգթոնն ու Վարշավան բանակցություններ են վարում Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա ստեղծելու համար։ Համաձայնության պատրաստումը կարող է տևել 6 ամսից մինչև 1 տարի։

Այս մասին հայտնում է Defense One ամերիկյան կայքը։

Մարտի 13–ին աշխատանքային այցով Վարշավայում գտնվող ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռութը հանդիպել է Լեհաստանի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են Լեհաստանում Միացյալ Նահանգների մշտական ռազմաբազա ունենալու հարցը։

Սեպտեմբերին դիվիզիայի չափով մշտական ռազմական ներկայություն ապահովելու համար Լեհաստանը ԱՄՆ–ին առաջարկել էր 2 միլիարդ դոլար։ Մարտի 13–ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Քեթրին Ուելբերգերը այդ առաջարկը որակել էր «շատ առատաձեռն»։ 

Ներկայումս Լեհաստանում ամերիկյան զորքերի թիվը կայուն չէ։ Տարեկան միջին հաշվարկով Լեհաստանում է լինում 4500 ամերիկյան զինծառայող։ Նրանց մի մասը մտնում է Սուվալյան միջանցքում ԱՄՆ գլխավորած բազմազգ 1000 հոգանոց խմբի մեջ, մյուսը գերմանական սահմանի մոտ գտնվող ամերիկյան բրիգադի մեջ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին ԱՄՆ Եվրոպա էր ուղարկել մեծ քանակությամբ զրահատեխնիկա՝ 90 միավոր «Աբրամս Մ1» տանկ, 140 միավոր BWP-2000 զրահափոխադրիչ և «Բրդելի» մարտական մեքենա, 18 հրետանային միջոց և այլ զինտեխնիկա։

Հավելենք, որ ներկայումս ավելի քան 100 երկրում կան ամերիկյան զորքեր։ Առավել մեծ քանակությամբ զինծառայողներ կան Գերմանիայում, Ճապոնիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Կատարում, Հարավային Կորեայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *