Թուրքիան արդեն պայմանագիր է կնքել Կատարի հետ 100 միավոր թուրքական արտադրության «Ալթայ» տանկերի վաճառքի համար։ Առաջին փուլով կմատակարարվեն դրանցից 40-ը։
Այս մասին հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսանը՝ հավելելով, որ առաջին մատակարարումից հետո տանկերը կարտադրվեն հենց թուրքական շարժիչով։ Հայտարարությունը փոխանցում է թուրքական «Դեյլի Սաբահ» (Daily Sabah) լրատվակայքը։

Հիշեցնենք, որ «Ալթայ» տանկերի սերիական արտադրության պայմանագիրը կնքվել է 2018թ․ նոյեմբերի 9-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության և թուրք-կատարական BMC ռազմարդյունաբերական ընկերության միջև։
BMC ընկերությունը նախատեսում է արտադրել տանկի երեք՝ T1, T2, T3 տարբերակ։ Կնքված պայմանագրով նախատեսվում է արտադրել 250 միավոր «Ալթայ» տանկ, որից 40–ը ընկերությունը նախատեսում է արտադրել T1 տեսակի, 210-ը՝ T2։ Այժմ նշվում է, որ արտադրվելու է ևս 1 միավոր T3 տեսակի տանկ։
T1 տարբերակը լինելու է տանկի մինչ այսօր ներկայացված նախատիպերին համապատասխան ու հնարավոր է Թուրքիայի զինված ուժերին մատակարարվի 2021թ․։
T2 տեսակը ապահոված է լինելու ավելի բարձր անվտանգությամբ և իրավիճակի իրազեկման կատարելագործված համակարգերով։ Նախատեսվում է T2 տեսակի տանկերը մատակարարել T1–ի ձեռքբերումից կարճ ժամանակ անց։
T3 տեսակի ընդամենը 1 միավոր տանկը կունենա առանց օպերատորի աշտարակ և ամրակցված մասով ինքնալիցքավորիչ։ Նշվում է, որ T3 «Ալթայ»–ը հավանաբար չի մատակարարվի Թուրքիայի զինված ուժերին, այլ պարզապես կօգտագործվի փորձարկումների համար։
Ըստ ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրի՝ տանկերը սկզբում կարտադրվեն արտասահմանյան շարժիչով, իսկ հետագայում, ամենայն հավանականությամբ, զանգվածային արտադրության կդրվեն BMC ընկերության դուստր ձեռնարկություն BMC Power-ի տեղական արտադրության շարժիչներով, որոնց միայն նախատիպերը ընկերությունը ներկայացնելու է 2024թ․։