Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 17-22

ԳՇՊ-ի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում։ Հովիկ Օհանյանը՝ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ։ Հրաման զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ հաստատելու մասին։ Ազատամարտիկները հեղաշրջում չեն ուզում։ Իրավախորհրդատվություն՝ զորակոչիկներին։
Ազգալդյանի մահվան 21-րդ տարին։

1. ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնեց Իտալիա։ Այցի ընթացքում նախատեսվում էր քննարկել Լիբանանում հայ խաղաղապահների տեղակայման հարցը։

2. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում է նշանակվել գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը։

3. Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու, ինչպես նաև պաշտպանության նախարարի 2010-ի փետրվարի 26-ի 175-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին։

4. Հունիսի 16-ին Ազատամարտիկների խորհուրդը դարձյալ հավաք էր կազմակերպել։ Ռազմինֆոյի հետ զրույցում խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ այս հավաքը ոգևորող և համախմբող նշանակություն ուներ։ «Մենք հեղաշրջում չենք ուզում, այլ մեր արածի արդյունքը»,-պարզաբանում է պահեստազորի գնդապետը։

5. ՊՆ-ն Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի հետ համատեղ զորակոչային տարիքի երիտասարդներին և նրանց ծնողներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Ռազմինֆոյի հետ զրույցում։ Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի տնօրեն, իրավաբան Տարոն Սիմոնյանը նշեց, որ իրավախորհրդատվությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մինչև հուլիսի վերջ։

Azgaldyan

6. Հունիսի 21-ին լրացավ «Ազատագրական բանակի» հիմնադիր, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 21-րդ տարին։ Այդ օրը լրագրողներին հանդիպեցին «Ազատագրական բանակի» անդամ Գագիկ Գինոսյանը և Ազգալդյանի մարտական ընկեր, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Ազատամարտիկները Ազգալդյանի կիսանդրու մոտ ծաղիկներ դրեցին։

Ազգալդյանը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *