Իտալական «Ալենիա Աերմակի» (Alenia Aermacchi) ընկերությունն ATK ընկերության հետ համատեղ զինել է C-27J Spartan ուղևորատար մարտական ինքնաթիռը, որն էլ ներկայացվել է «Լը Բուրժեում», փոխանցում է Defense News-ը։
Ընկերության՝ Փարիզի ավիացուցահանդեսին մասնակցող պատվիրակությունը ցուցադրել է MC-27J Spartan ինքնաթիռը, որի վրա աշխատանքները դեռ չեն ավարտվել։
Հատուկ գործողությունների համար նախատեսված, C-27J-ի կատարելագործված և փոփոխված տարբերակին՝ MC-27J–ին ամրացվել է 30 մմ թնդանոթ, որն ունի երկարացված փող, ինչը հնարավորություն է տալիս այդ թնդանոթը տեղադրել նաև ավելի վաղ արտադրված C-27J ինքնաթիռների վրա։ Այս թնդանոթն ունակ է խոցել թիրախներ մինչև 4,5 կմ հեռավորության վրա։
MC-27J–ն հնարավորություն է ունենալու արձակել Viper Strike և Griffin հրթիռներ։ Այժմ նախագծի հեղինակները քննարկում են, թե հրթիռներն ինքնաթիռի որ հատվածից են արձակվելու։
MC-27J-ի մարտական փորձարկումները շարունակվելու են մինչ տարեվերջ կամ 2014 թվականի սկիզբը։
«Ալենիա Աերմակի» ընկերության ներկայացուցիչները նշում են, որ առաջիկա 20-25 տարիներին նախատեսում են վաճառել 50 միավոր MC-27J, իսկ որպես հնարավոր շուկաներ են դիտարկում Հարավային Ամերիկան, Մերձավոր Արևելքն ու Հեռավոր Արևելքը։