Բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան ընթերցումների տեղիք չտվող արձանագրումները․ Փաշինյան

Արցախի և Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդների՝ մարտի 12-ին կայացած համատեղ նիստից հետո Հայաստանի և Արցախի ղեկավարները համատեղ հայտարարություն են արել։

ՀՀ վարչապետ․

«․․․Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:

Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի:

Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի,  մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը:

Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունըս՝  ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում:

Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաև միջազգային հանրությունը: Այս ամենը, իհարկե, լավ է ու չափազանց կարևոր, և մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են և ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն,  լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ:
 
Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:

Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի  է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները:

Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության:

Հաջորդ կարևորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա:

Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»:

Արցախի նախագահ․
«․․․Մենք նաև այս ընթացքում կարևորել ենք, որ անհրաժեշտություն ունենք համազգային  օրակարգ ունենալու, և ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձևավորմանը: Ինչպես այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել նաև այդ ազգային օրակարգում դասակարգված մեր առաջադրանքները: Եվ կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, և այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում:
Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, և ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և  քննարկումների մասին:

Ես կտամ լրացուցիչ տեղեկություններ, որ օր առաջ հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Բնական է՝ խոսել ենք շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի մասին: Եվ այսօրվա այս յուրահատուկ խորհրդի նիստը հնարավորություն կտա՝ անդրադառնալ մեր տնտեսության խնդիրներին, մեր հանրային կյանքում տեղ գտած զարգացումներին և կնախանշենք հաջորդ մեր առաջադրանքները, որոնք, անկասկած, կբարձրացնեն մեր երկրի անվտանգության աստիճանը և կնպաստեն ընդհանրապես մեր հայրենիքի հզորացմանն ու շենացմանը:

Ողջունում եմ այս նախաձեռնությունը և համոզմունք եմ հայտնում, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստավոր պայմաններ է ստեղծելու այդ նշված ուղղություններով հաջողված աշխատանքներ կատարելուն:
Շնորհակալություն»:

Քննարկումների արդյունքում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվել է Արցախի անվտանգության համակարգը և վերահաստատվել է, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են և գտնվում են բարձր մակարդակի վրա: Միևնույն ժամանակ շշերկու կողմերը վերստին ընդգծել են իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։

Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կարևորվել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *