3000 զինտեխնիկա և 10 000 զինծառայող․ Ռուսաստանի զինված ուժերում խոշոր վարժանքներ են

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում հրթիռային և հրետանային մոտ 200 ստորաբաժանման ավելի քան 10 հազար զինծառայող սկսել է դաշտային վարժանքներ։ Դրանց մասնակցում է նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին ներգրավված է ամբողջ ռազմական շրջանը՝ Ռուսաստանի հարավը, Հյուսիսային Կովկասը, Ղրիմն ու Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազաները։

Պարապմունքների ընթացքում նախատեսված է անցկացնել ավելի քան 200 մարտավարական պարապմունք՝ մարտական կրակի ուղեկցությամբ, առանձին 60 կրակային պատրաստության պարապմունք։

Դաշտային պարապմունքները տևելու են մեկ ամիս՝ 20 զորավարժարաններում։ Վարժանքներին ներգրավվել է մոտ 3 հազար միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ «Իսկանդեր», «Բալ», «Բաստիոն» հրթիռային համալիրներ, «Տորնադո–Գ», «Սմերչ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Մստա–Ս», «Ակացիա», «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ և անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ–ն տարեսկզբին հայտարարել էր, որ 2019 թվականի ընթացքում 102–րդ ռազմաբազայում մարտավարական պարապմունքների հաճախականությունն ու քանակն ավելանալու են։

Հայաստանում գտնվող 102–րդ ռազմաբազան մտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ։ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *