ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածից զոհվել են քաղաքացիականներ․ SANA

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածից Սիրիայի Դեր–Զոր շրջանի «Ալ Բաղուզ» բնակավայրում ավելի քան 50 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «Սանա» գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ծանր վիրավորներ կան։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների դաշնակից արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) «Ալ Բաղուզ» շրջանը համարում են ԻՊ վերջին խոշոր հենակետը Սիրիայում։ CNN գործակալությունն էլ իր հերթին հայտնում է, որ այս շրջանում կոալիցիան ավիահարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին, հնարավոր քաղաքացիական զոհերի մասին սակայն չի նշվում։

2014 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի աշուն կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է 800 քաղաքացիական։

Միևնույն ժամանակ Սիրայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի և Ռուսաստանի ավիահարվածների մոնիթորինգով զբաղվող Airwars.org կայքը հայտնում է, որ 2017-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ Սիրիայում և Իրաքում կոալիցիայի ավիահարվածներից ամենաքիչը 5961 քաղաքացիական է սպանվել: Միևնույն ժամանակ աղբյուրը չի բացառում, որ կորուստների թիվը կարող է տատանվել 6000-9000 միջև:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարողացավ 2014-ի հունիսի կեսերին Իրաքի կառավարական բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *