Մարտի 8-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանից գնած Ս-400-ները այս տարվա հոկտեմբերից կտեղակայվեն Թուրքիայում։
Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը։ Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերում քննարկվում է դրանց տեղակայման վայրը։
Նախարար Աքարը, կրկին անդրադառնալով ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված կոնֆլիկտին, հայտարարել է, որ Թուրքիան շատ վաղուց իր օդային տարածքը պաշտպանելու խնդիր ունի․
«Մենք [Ռուսաստանի հետ — խմբ․ Ռազմինֆո] համատեղ արտադրություն կանենք, տեխնոլոգիաների փոխանակում կլինի, մենք էլ կդառնանք արտադրող ․․․ Մենք ՆԱՏՕ-ում մեր պարտավորությունները միշտ կատարում ենք, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն էլ դա միշտ հաստատում է»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ Թուրքիան Ս-400-ների գնման պայմանագիրը Ռուսաստանի հետ կնքել է 2017թ. դեկտեմբերին։ Այս գործարքին դեմ են ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն և առաջարկում են իրենց այլընտրանքային՝ ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգը։
Հավելենք, որ 2017թ․ թուրքական աղբյուրը հայտնում էր, որ Ս-400–ները կտեղակայվեն ՌՕՈւ՝ Անկարայի մոտակայքում գտնվող «Աքընջը» ավիաբազայում, սակայն այս տեղեկությունը կարող է ոչ ճշգրիտ լինել: