Հնարավոր է Թուրքիան նաև Ս–500–ներ գնի. Էրդողան

Մարտի 6–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերով հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ հնարավոր է Թուրքիան Ս–400–ներից հետո Ռուսաստանից գնի նաև Ս–500 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանը հայտարարել է նաև, որ Ս–400–ների գործարքն ավարտված է ու դրանց առաջին խմբաքանակը կմատակարարվի այս տարվա հուլիսին։ 

Էրդողանը ևս մեկ անգամ խոսել է Ամերիկայի սպառնալիքներից ու նշել, որ Թուրքիան ԱՄՆ–ից դեռ Օբամայի նախագահության օրոք էր ուզում գնել Patriot ՀՕՊ համալիրներ, սակայն ԱՄՆ–ն չհամաձայնվեց։ 

« … Բայց մենք նրանց կրկին ասացինք, եթե դեռ տալիս եք, մենք կգնենք։ Եթե պայմանները, գինը, վարկը հարմար լինի, և համաձայնություն լինի համատեղ արտադրության, մենք դա էլ կգնենք»,– նշել է Էրդողանը։ 

Ռուսական Ս–500 համակարգերի արտադրությամբ զբաղվում է ռուսաստանյան «Ալմազ–Անտեյ» ըկներությունը։

Ս-500-ի ենթադրյալ մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Գործողության շառավիղը՝ 600 կմ
  • Կարող է խոցել ինչպես բալիստիկ հրթիռներ, այնպես էլ թևավոր հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և օդային այլ թիրախներ:

Խնդիրն այն է, որ ռուսական Ս–500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը դեռ նույնիսկ արտադրված չեն, և հնարավոր է Էրդողանի այս հայտարարությունը պարզապես քարոզչական նպատակ ունի և սադրում է ամերիկյան կողմին։

Հարկ է նշել, որ մինչ այս Ս–400–ների առաջին խմբաքանակի մատակարարման հայտարարված ժամկետը աշունն էր, սակայն այժմ, հավանաբար, պլանները փոխվել են։ Փետրվարի 18–ին ռուսական կորպորացիայի նախագահ Սերգեյ Չեմեզով հայտնեց, որ թուրքական կողմի խնդրանքով գործարքում ներառված բոլոր 4 դիվիզիոնն էլ մատակարարվելու է այս տարի։ 

Հավելենք, որ Թուրքիայի ու ԱՄՆ–ի միջև կոնֆլիկտ է հասունացել Թուրքիայի՝ ռուսաստանյան Ս–400 ՀՕՊ համակարգը գնելու համար։ ԱՄՆ–ն դեմ է գործարքին և սպառնում է Թուրքիային հեռացնել F-35 կործանիչների ծրագրից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *