Մարտի 3–ին «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) նախագահ Թեմել Քոթիլը հայտարարել է, որ «ԱՆՔԱ–2» բեռնատար անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել այս տարի։
Այս մասին գրում է թուրքական պետականամետ «Հաբերթյուրք» լրատվական գործակալության կայքը։ Ընկերության նախագահը հայտարարել է, որ ԱԹՍ–ի շարժիչը հաջող փորձարկում է անցել երկու օր առաջ։
Նա նաև հավելել է, որ «ԱՆՔԱ–2»–ը մշակվել է «ԱՆՔԱ»–ի պլատֆորմի վրա։ Ըստ նրա՝ այս քաղաքականությամբ ընկերությունը պատրաստվում է մի շարք նոր ծրագրեր իրագործել՝ արդեն մշակված պլատֆորմի վրա ստեղծելով նոր արտադրանք։
TAI ընկերության տեղեկությունների համաձայն՝ «ԱՆՔԱ–2» ԱԹՍ–ի օգտակար բեռնատարողությունը 700 կգ է լինելու, ինչը բավական շատ է՝ համեմատած «ԱՆՔԱ»–ի 200 կգ բեռնատարողության հետ։ Թռիչքի բարձրությունը` ~6-7 կմ է, իսկ թռիչքի առավելագույն տևողությունը 24 ժամ։
Նշենք, որ ինչպես «ԱՆՔԱ» ԱԹՍ–ների, այնպես էլ «ԱՆՔԱ–2»–ի վրա տեղադրված է լինելու TAI–ի շարժիչաշինական ընկերության (TEI) արտադրանք երկու միավոր PD 170 շարժիչ։ Ըստ ընկերության նախագահի՝ «ԱՆՔԱ» ԱԹՍ–ն այդ շարժիչով իր առաջին թռիչքն իրականացրել է 2018թ. դեկտեմբերին։