Rolls-Royce ընկերությունը հրաժարվում է թուրքական կործանիչի շարժիչի արտադրությունից

Մարտի 3–ին բրիտանական Rolls-Royce ընկերությունը հայտարարել է, որ  հրաժարվում է թուրքական Kale ընկերության հետ համատեղ շարժիչ արտադրել թուրքական արտադրության 5-րդ սերնդի առաջին TF-X (Turkish Fighter X) կործանիչի համար, պատճառաբանելով, որ չի ցանկանում այդ ընկերության հետ կիսել իր «գիտելիքները», ինչպես նաև դեմ է թուրք–կատարական BMC ընկերության ներգրավվածությանն այս նախագծում։

Տեղեկությունը ամերիկյան Reuters գործակալության հետ հաստատել է բրիտանական ընկերության մամուլի խոսնակը, իսկ թուրքական ընկերությունից գործակալությունը պատասխան չի ստացել։ Rolls-Royce–ից հայտարարել են, որ խնդիրը երկու ընկերությունների միջև սկսել է դեռ անցած տարի։ 

Թուրքական արտադրության TF-X առաջին կործանիչի նախատիպը։ Լուսանկարը՝ TAI ընկերության կայքի
Թուրքական արտադրության TF-X առաջին կործանիչի նախատիպը։ Լուսանկարը՝ TAI ընկերության կայքի

Հիշեցնենք, որ բրիտանական ու թուրքական ընկերությունները կործանիչի շարժիչի ստեղծման համար պայմանագիր են կնքել 2017թ. մայիսի 8–ին։ Նախատեսվում էր, որ երկու ընկերությունները համատեղ ձեռնարկություն են բացելու, որն էլ հենց զբաղվելու է թուրքական տեղական արտադրության կործանիչների շարժիչների արտադրությամբ: Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանելու էր թուրքական, իսկ 49 տոկոսը՝ բրիտանական ընկերությանը: Այս համատեղ ձեռնարկության հետ շարժիչի ստեղծման համար մրցում էր TAI ընկերության շարժիչաշինական ընկերությունը (TEI)։ 

Մարտի 2–ին Թուրքիայի փոխնախագահը հայտարարել էր, որ կործանիչը պատրաստ կլինի 2023թ., առաջին թռիչքը նախատեսվում է՝ 2026թ., իսկ շահագործման կհանձնվի՝ 2031թ.։ Այս ինքնաթիռի մշակմամբ զբաղվում են «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) և բրիտանական BAE ընկերությունները։ 

TF-X կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝

  • Առավելագույն բարձրությունը՝ ~16,8 կմ
  • Առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ)
  • Գործողության շառավիղը՝ ~1000 կմ 
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27200 կգ
  • Երկարությունը՝ 19 մ
  • Թևերի բացվածքը՝ 12 մ

Հավելենք, որ բրիտանական Rolls-Royce ընկերությունը փետրվարի 28–ին էլ հայտարարել էր, որ հրաժարվում է նաև ամերիկյան Boeing ընկերության արտադրության միջին դասի (NMA) ինքնաթիռի շարժիչի արտադրությունից, պատճառաբանելով, որ վստահ չէ, թե կհասցնի սահմանված ժամկետներում իրականացնել ամբողջ աշխատանքը։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *