Թուրքիայում «ահաբեկիչները» կրակ են բացել բարձրաստիճան զինվորականներ տեղափոխող ուղղաթիռի վրա

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե «ահաբեկիչները կրակ են արձակել հրամանատարներ տեղափոխող ուղղաթիռի վրա»։

Հաղորդագրությունում նշվում է, որ հունիսի 20-ի երեկոյան ահաբեկիչները կրակ են բացել Ժանդարմերիայի Վանի կորպուսի և Երրորդ բանակային կորպուսի հրանատարներին տեղափոխող Ս-70 ուղղաթիռի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում, որը մեծապես քրդաբնակ է։

Սիկորսի-70

Սիկորսի-70

 

Ցամաքից ուղղաթիռի վրա չորս կրակոց է արձակվել։ Թուրքիայի ԳՇ-ն չի նշում է, թե ինչ զինատեսակից է կրակ արձակվել ուղղաթիռների վրա։

Փամփուշտներից մեկը կոտրել է ուղղաթիռի ապակին, սակայն լուրջ վնաս չի հասցրել ոչ մեքենային, ոչ էլ զինվորականներին։

Ուղղաթիռը փոխել է թռիչքի ուղղությունն ու հեռացել դեպքի վայրից։

Թեև Թուրքիայի ԳՇ-ն հստակ չի նշում, թե ովքեր և ինչպես են կրակ բացել թուրք բարձրաստիճան զինվորականներին տեղափոխող ուղղաթիռի վրա, սակայն hայտարարության բովանդակցությունից ենթադրելի է, որ խոսքը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մասին է։

Թուրքիայի գլխավոր շտաբն իր հայտարարություններում ավանդաբար խուսափում է օգտագործել PKK բառը՝ դրա փոխարեն օգտագործելով «ահաբեկիչ», «ահաբեկչական անջատողական կազմակերպություն» անվանումները, ինչպես և այս դեպքում։

Ընդ որում, շրջանը, որտեղ էլ եղել է դեպքը, PKK-ի գործողությունների առավել ակտիվ վայրերից է։

Այս միջադեպը կարող է  լուրջ աղմուկ բարձրացնել, քանի որ այս տարվա մայիսի 8-ից PKK-ն պաշտոնապես հայտարարել էր հրադադար հաստատելու և Թուրքիայի տարածքը լքելու մասին։ Թուրքական կողմն էլ պարտավորվել էր դադարեցնել բոլոր գործողությունները քրդական կազմակերպության դեմ և չխոչընդոտել ու չմիջամտել կազմակերպության դուրսբերման գործընթացին։

Մայիսին հաստատված հրադադարի հաստատումից հետո սա առաջին նմանատիպ դեպքն է։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *