Israel Aerospace Industries (IAI) ավիաշինական ընկերությունը համաձայնել է Հնդկաստանին 500 մլն դոլարի 50 միավոր Heron-1 անօդաչու թռչող սարք վաճառել։ Գործարքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։
Այս մասին հայտնում է իսրայելական Yedioth Ahronoth թերթը։
Heron սարքերը նախատեսված են հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար: Դրանց տարբերակներ առկա են Իսրայելի, ԱՄՆ, Թուրքիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի, Կանադայի, Ադրբեջանի և մի քանի այլ երկրների ԶՈւ սպառազինությունում:
Այս ընկերությունը Հնդկաստանի հետ սերտ համագործակցություն ունի: 2017 թ. մայիսին Հնդկաստանի պետական Bharat Electronics Limited (BEL) և իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունները ստորագրել են Հնդկաստանի նավատորմի համար հրթիռային համակարգերի համատեղ կառուցման շուրջ 630 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր:
2018-ին էլ հնդկական Economic Times պարբերականը հայտնել էր, որ նույն ընկերությունից Հնդկաստանի պատվիրած 400 մլն դոլարի 10 միավոր մեկ այլ՝ Heron-TP ԱԹՍ–ն արտադրված է, մնացել է վերջին վճարումը։ ԱԹՍ–ների մարտակարարման մասին ինֆորմացիան դեռ չի թարմացվել։
Ավելացնենք, որ IAI-ն 2017 թ. աշխարհում ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած 41-րդ ընկերությունն է՝ ստոկհոլմյան SIPRI ինստիտուտի հաշվարկներով։ Ընկերությունը ԱԹՍ-ներ մատակարարել է նաև Ադրբեջանին: Ընկերության արտադրած ԱԹՍ-ներից առավել տարածվածներն են՝
- Heron ընտանիքի հետախուզական ԱԹՍ-ներ,
- Harpy-Harop ընտանիքի մահապարտ ԱԹՍ-ներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հայտնի է, որ այդ երկրի սպառազինությունում առկա է առնվազն 2 միավոր Heron ԱԹՍ, որոնք տեղակայված են Լյոքբաթանի ավիաբազայում: Ըստ մեր լրացուցիչ դիտարկումների՝ այդ ԱԹՍ-ից նկատվել է նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության Սանղաչալի ավիաբազայում: