ՄԱԿ-ի «Սովորական սպառազինությունների» ռեգիստրին տրամադրած Բուլղարիայի զեկույցից հայտնի է դարձել, որ այս երկիրը Վրաստանին 2012-ին վաճառել է 10 միավոր Սու-25։
Ընդ որում, զեկույցում ասված է, որ բոլոր ինքնաթիռներն ամբողջովին սպառել են իրենց ռեսուրսը, ուստի վաճառվել են «վերանորոգման նպատակով»։
Համաձայն Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի ոչ պաշտոնական բլոգի՝ սա կարող է նշանակել՝ Թբիլիսիի ավիագործարանում համապատասխան վերանորոգումից հետո Սու-25-երը կվերավաճառվեն աֆրիկյան երկրներից մեկին։
Ավելի վաղ բուլղարական Pan.bg էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ գրոհային Սու-25 ինքնաթիռները ծրագրում էին վաճառել նախնական արժեքով՝ յուրաքանչյուրը մոտ 100 հազար բուլղարական լևով, բայց վաճառեցին 8,08 մլն լևով, այսինքն՝ յուրաքանչյուրը շուրջ 910 հազար ամերիկյան դոլար։ Արժեքը ևս մեկ անգամ վկայում է ինքնաթիռների՝ օգտագործման ենթակա չլինելու մասին։
Ինքնաթիռները տրամադրվել էին Բուլղարական ՍՍՀ-ին 1985-1988 թթ.՝ Սու-25Կ արտահանման տարբերակով։
Նշենք, որ գրոհային ինքնաթիռները ստեղծվել են 1970-ականներին և նախատեսված էին ցամաքային զորքերի աջակցման համար։ Սու-25-երը կիրառվել են մի շարք զինված հակամարտություններում՝ 1979-1989 թթ. Աֆղանստանի պատերազմից մինչև 2008-ի Հարավային Օսեթիայի մարտերը։
Հավելենք, որ համաձայն ՌԴ ՊՆ տեղեկատվական-վերլուծական ամսագրի՝ 2011-ին Վրաստանի ԶՈւ սպառազինությունը ներառում էր տարբեր մոդիֆիկացիաների 12 միավոր Սու-25։ Աֆրիկյան երկրներից մեկին հնարավոր վերավաճառքը հիմնված է նախկին ԽՍՀՄ երկրների՝ Կոտ դ’Իվուարին, Եթովպիային, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությանն ու Սուդանին ռազմական ինքնաթիռների վերավաճառքի դեպքերի վրա։ Այդ ինքնաթիռները հետագայում օգտագործվել են տարբեր զինված հակամարտություններում։