Վիետնամի զինված ուժերը համալրվում են Տ-90 տանկերի նոր խմբաքանակով

2019-ի փետրվարի 21-ին Վիետնամը ստացել է Ռուսաստանից պատվիրած Տ-90Ս և Տ-90ՍԿ տանկերի երկրորդ խմբաքանակը։ Տանկերը մատակարարվել են ծովով։ Հայտնի չէ, թե քանի միավոր է մատակարարվել այս խմբաքանակով։ 

Այս մասին հայտնել է Defence-blog.com հարթակը և հրապարակել մատակարարված տանկերի լուսանկարները։

Վիետնամն ընդհանուր պատվիրել է 64 միավոր տանկ,
առաջին խմբաքանակը՝ 32 միավոր մատակարարվել էր այս տարվա հունվարին։ Եթե երկրորդ խմբաքանակում ևս 32 տանկ է եղել, նշանակում է այս պայմանագրով մատակարարումներն ավարտված են։ 

Վիետնամին Տ-90Ս/ՍԿ տանկեր վաճառելու մասին հայտնի էր դարձել
2017-ի հուլիսին: Իսկ անցած տարվա սեպտեմբերին «Ուրալվագոնզավոդ» հրավիրված 13-ամյա «կոնստրուկտորի» մասին պատմող ռեպորտաժում երևանցող տանկերի վրայի նշումներից baodatviet.vn կայքի հոդվածագիրը ենթադրել էր, որ Վ տառով նշված տանկերը Վիետնամին են մատակարարվելու։

Տ-90Ս տանկը Տ-90-ի արտահանվող տարբերակն է: Տ-90 տանկը Տ-72 տանկի արդիականացումն է ու հիմնական բնութագրերով նման է Տ-72-ին։ Այն ռուսական սպառազինության է ընդունվել 1992-ին:

Տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7,62 մմ ու զենիթային 12,7 մմ ՆՍՎՏ կամ «Կորդ» գնդացիրներ։

Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին։

Բացի Ռուսաստանից, Տ-90 տանկեր կան  Հնդկաստանի, Ալժիրի, Թուրքմենստանի, Իրաքի, Սիրիայի, Ուգանդայի, նաև Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ: Ընդ որում՝ Ադրբեջանը տանկի ամենախոշոր օպերատորներից է։Հ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *