Ռուսաստանը հրաժարվում է էկրանապլաններից

Մոտ երեք շաբաթ առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ վերջնականապես հրաժարվում է էկրանապլաններից, իսկ գոյություն ունեցող էկրանապլաններն էլ կոչնչացվեն։ Այս նորությունն այն ժամանակ վրիպել էր իմ աչքից, բայց թեման իսկապես հիշարժան է և արժանի, որպեսզի ռազմ.ինֆոն, թեկուզ ուշացումով, բայց անդրադառնա։

Էկրանապլաններն արտաքինից ինքնաթիռ հիշեցնող թռչող սարքեր են, սակայն, ի տարբերություն ինքնաթիռի, էկրանապլանները թռնում են մակրերևույթին շատ մոտ (ամենամեծ էկրանապլանների դեպքում մինչև մի քանի տասնյակ մետր բարձրություն)։ Մակերևույթին մոտ թռնելու ժամանակ առաջանում է էկրանային էֆեկտ. հանդիպակաց հոսանքը անդրադառնալով թևից` հասնում է մակերևույթին, որից կրկին անդրադառնալով վերադառնում է թևին և ստեղծելում լրացուցիչ վերամբարձ ուժ (տես նկարը)։

Էկրանի էֆեկտ

Էկրանի էֆեկտ

Արդյունքում էկրանապլանները նավերի և ինքնաթիռների համեմատ ունենում են որոշակի առավելություններ.

  1. Ավելի արագաշարժ են քան նավերը, քանի որ տեղաշարժվում են ոչ թե ջրում, այլ` օդում։
  2. Ինքնաթիռների համեմատ ավելի խնայող են ու ավելի մեծ բեռնունակություն ունեն, քանի որ շարժիչների ստեղծած վերամբարձ ուժից բացի առաջանում է նաև էկրանի ստեղծած վերամբարձ ուժը։
  3. Քանի որ էկրանապլանները թռչում են բավականին ցածր բարձրություններում, հնարավոր վթարների ժամանակ անձնակազմի և ուղևորների փրկվելու հնարավորություններն ավելի մեծ են, քան ինքնաթռների վթարների ժամանակ։ Նախ անձնակազմն ավելի մեծ շանսեր ունի անսարքության դեպքում շատ արագ բարեհաջող վայրէջք կատարել մակերևույթի վրա, երկրորդ` նույնիսկ էկրանապլանի կործանվելու դեպքում մարդկանց փրկվելու հավանականությունն ավելի մեծ է, քան, երբ կործանվում է մի քանի հազար մետր բարձրությունում թռնող ինքնաթիռը։
  4. Էկրանապլանները սովորաբար չեն պահանջում հատուկ ցամաքային կամ ծովային ինֆրաստրուկտուրա. բավարար է որոշակի չափերի հարթ ջրային տարածք, որտեղից կարող են սկսել թռիչքը և, միգուցե, անգարներ, սպասարկման և վերանորոգման համար (ինչի համար կարելի է օգտագործել նաև գոյություն ունեցող նավահանգստային ինֆրաստրուկտուրան)։
  5. Անխոցելիությունը ծովային ականներից։ Քանի որ էկրանապլանը չի տեղաշարժվում ջրով, ծովային ականներին բախվելու վտանգ չկա։
  6. Քանի որ էկրանապլանները չեն տեղաշարժվում ջրով, իսկ թռիչքի բարձրությունն էլ շատ փոքր է, ռադիոտեղորոշիչների օգնությամբ դրանց հայտնաբերումը բարդ է։ Իսկ եթե հաշվի առնենք նաև ժամանակակից «սթելս» տեխնոլոգիաների հնարավոր կիրառումը, ապա էկրանապլաններն էլ ավելի աննկատ կարող են դառնալ։

Իհարկե, էկրանապալաններն ունեն նաև թերություններ.

  1. Էկրանապլանների թռիչքի համար անհրաժեշտ է հարթ մակերևույթ։
  2. Էկրանապլաններին (հատկապես մեծ էկրանապլաններին) թռիչքը սկսելու համար անհարժեշտ են լրացուցիչ շարժիչներ, որոնք հետագայում թռիչքի ամբողջ ընթացքում սովորաբար չեն օգտագործվում։
  3. Ցածր մանևրունակություն։ Ի տարբերություն ինքնաթիռի, էկրանապլանը չի կարող մեծ կողաթեքումներ անի, որի հետևանքով օրինակ` շրջադարձ կատարելու համար շատ ավելի մեծ շրջան պիտի գործի, քան ինքնաթիռը կամ նավը։

Էկրանի էֆեկտը հայտնաբերել են դեռ առաջին ավիատորները, բայց գործնականում այն օգտագործելու փորձեր սկսել են անել միայն 60-ական թվականներին։ Այդ շրջանում ԽՍՀՄ-ում էկրանապլանների ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ էին տարվում Ռոստիսլավ Ալեքսեևի ղեկավարությամբ։

ԽՍՀՄ (իսկ այժմ նաև Ռուսաստանի) համար էկրանապլանները մեծ հեռանկար և կիրառության լայն դաշտ ունեցող սարքեր էին (են), ինչը պայմանավորված է ցամաքում հսկայական հարթավայրային տարածքներով և երկարաձիգ ծովային սահմաններով։ Բեռնափոխադրումներ ցամաքով և ծովով, մասնավորապես Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով, դեսանտի տեղափոխում և իջեցում, հականավային ու հակադեսանտային պայքար և այլն ” սրանք ոլորտներ են, որտեղ կարող էին մասնագիտանալ էկրանապլանները։

Օրինակ` հականավային հրթիռներով զինված էկրանապլանները կարող էին լուրջ գլխացավանք լինել ամերիկյան ավիակիր խմբավորումների համար։ Սակայն ԽՍՀՄ-ում այս հեռանկարային ուղղության վրա բավարար ուշադրություն չդարձրեցին (այսօրվա տերմիններով ասած` բավարար լոբբինգ չէր արվել). ստեղծվեցին միայն մի քանի օրինակ տարբեր տիպի էկրանապլաններ, այդ թվում` մարտական, բայց սերիական արտադրություն այդպես էլ չսկսվեց։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ կառուցված էկրանապլանները մոռացության մատնվեցին և դանդաղ փտեցին Կասպիական տորմիղի նավամատույցներում։

«Լուն» էկրանապլանը

«Լուն» էկրանապլանը Կասպից ծովի ափին

Եվ ահա, այժմ Ռուսաստանը վերջնականապես որոշել է հրաժարվել էկրանապլաններից, իսկ գոյություն ունեցող օրինակներն էլ ոչնչացնել։

Ռուսները շատ են սիրում տեղի-անտեղի ասել, թե իրենց ռազմական տեխնոլոգիաներն անալոգ չունեն, ունիկալ են և այլն, ինչն արդեն հենց Ռուսաստանում է ծաղրուծանակի առիթ դարձել, բայց էկրանապալաններն այն եզակի սարքերից էին, որ իսկապես ունիկալ էին և չունեին անալոգներ։ Ու այսօր կարող ենք փաստել, որ անուշադրության ու ֆինանսավորման բացակայության պայմաններում այս նախագիծն այսպիսի անփառունակ ավարտ ունեցավ։

Վերջում տեղադրեմ նաև էկրանապլանների լուսանկարների մի փոքր հավաքածու։

Հ.Գ.
Քանի որ ֆեյսբուքում քննարկումների ժամանակ հարց առաջացավ, թե արդյո՞ք կա էկրանապլանների փոխարինող, ուզում եմ հստակություն մտցնել։ Էկրանապլանները այդպես էլ բավարար քանակով չեն արտադրվել, որպեսզի կարողանային փաստացի որոշակի դերակատարում ստանձնել։ Ավելին, գոյություն ունեցող բոլոր էկրանապլանները տեղակայված էին որոշակի իմաստով ներքին համարվող Կասպից ծովում` փորձարկումների համար։

Նաև նշեմ, որ էկրանապլաններն ունեն կոնկրետ նիշ, որում իրենց կարող են հրաշալի դրսևորել և էապես հզորացնել նավատորմի կարողությունները (իսկ Ռուսաստանն այսօր դրա կարիքը շատ ունի), բայց ո´չ կարող են լիարժեք փոխարինել սովորական նավատորմին, ´ոչ էլ փոխարինվել սովորական նավատորմով։ Եվ տվյալ դեպքում ռուսների համար վատը ոչ այնքան գոյություն ունեցող էկրանապլանները ոչնչացումն է, այլ այն, որ այս հեռանկարային ծրագիրն ընդհանրապես փակվում է։ Իսկ էկրանապլանների ոչնչացումը միայն սրա հետևանք է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *