Ռոհանին չի ընդունել Իրանի ԱԳՆ հրաժարականը

Փետրվարի 27–ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է երկրի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նախօրեին ներկայացրած հրաժարականի դիմումը։

Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ Ռոհանին նամակով դիմել է Մոհամմադ Զարիֆին, նշելով, որ հրաժարականը չի ընդունվում, քանի որ այդ քայլը դեմ է երկրի ազգային շահերին։

Ռոհանին իր նամակում գրել է, որ Զարիֆի հաջողության մասին է խոսում այն, որ «երկրի թշնամիները, այդ թվում՝ Իսրայելը ուրախանում  էին նրա հրաժարականով», դրա համար էլ ԱԳ նախարարը պետք է շարունակի աշխատել։ Ըստ նրա՝ «Զարիֆին վստահում է ամբողջ իսլամական աշխարհը, ինքը՝ Ռոհանին, ու ամենակարևորը՝ երկրի գերագույն ղեկավար՝ Ալի Խամենեին»։ 

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 27–ին, պաշտոնական այցով Իրանի իսլամական հանրապետություն է մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայկական պատվիրակությանը դիմավորելիս ներկա է եղել նաև ԱԳՆ Մոհամմադ Զարիֆը։

ՀՀ և Իրանի արտգործնախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Զարիֆը։ Լուսանկարը՝ ISNA իրանական գործակալության
ՀՀ և Իրանի արտգործնախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Զարիֆը։ Լուսանկարը՝ ISNA իրանական գործակալության

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարը իր հրաժարականի մասին հայտնել է փետրվարի 25–ի երեկոյան՝ նկար հրապարակելով ինստագրամյան իր էջում։ Դրանից հետո կառավարության մի շարք ներկայացուցիչներ դիմել էին նախագահ Ռոհանիին՝ հրաժարականը չհաստատելու համար։

Հավելենք, որ փետրվարի 25–ին Իրան էր մեկնել Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադը, ում հետ հանդիպմանը ԱԳ նախարարը Զարիֆը ներկա չէր եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *