Փետրվարի 25–ին Սերբիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Բելառուս, որտեղ Բելառուսը սերբական կողմին է փոխանցել 4 միավոր ՄիԳ–29 կործանիչ։
Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ կայքը։
Կործանիչների հանձնման արարողության ժամանակ, Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ կործանիչները արդիականացվելու են Բելառուսի Բարանովիչի քաղաքի ավիավերանորոգման գործարանում։ Արարողությունը նույնպես եղել է այդ գործարանում։
Սերբիան է վճարելու կործանիչների արդիականացման գումարը, իսկ օդաչուները մարզվելու են Բելառուսի հաշվին։
2017 թվականին Սերբիան Ռուսաստանից անվարձահատույց ստացել էր 6 միավոր ՄիԳ–29 կործանիչ և ևս 2 միլիոն եվրո օդաչուների պատրաստության համար։
2017 թվականին Սերբիային 8 միավոր ՄիԳ–29 նվիրելու մասին համաձայնություն էր կնքվել Բելառուսի և Սերբիայի միջև։ Նախատեսված էր, որ Սերբիան կործանիչները կստանա 2018 թվականին և կվճարի միայն դրանց արդիականացնելու համար։ Սակայն 2018 թվականին Սերբիան Բելառուսից ստացավ 4 միավորը, որը համալրեց սպառազինությունը։ Այդ ժամանակ Վուլինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի նվիրած ՄիԳ–29–երի շնորհիվ Սերբիային կհաջողվի ստեղծել 14 միավոր կործանիչներից բաղկացած էսկադրիլա։