16 տարում ծառայությունից խուսափել և դրա դիմաց փող է վճարել 10 հազար քաղաքացի

2003 թվականից* Հայաստանում տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինծառայությունից խուսափած 9985 քաղաքացի: Դրա դիմաց նրանք վճարել են 
 11 մլրդ 81 մլն 46 հազար 100 ՀՀ դրամ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից:

*«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2003թ. դեկտեմբերի 17-ից։

Նախարարությունից տեղեկացրել են նաև՝ այդ գումարներն օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար։

Նշենք, որ այս պահին գործող օրենքով 27 տարին մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը լրացած քաղաքացիները իրավունք կունենան գումարը վճարել և քրեական հետապնդումից ազատվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Սակայն վերջերս պատգամավորներից մեկը առաջարկ արեց օրենքի ժամկետը երկարաձգելու մասին, որով նախատեսվում էր, որ քրեական հետապնդումից կարողանան ազատվել 27 տարին մինչև 2019 թվականի մարտի 1-ը լրացած անձինք: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը այսօր դրան  դրական եզրակացություն տվեց և ուղարկեց ԱԺ առաջիկա  նիստերի օրակարգ:

Նախանցած տարի օրենքի ժամկետը երկարաձգելիս պաշտպանության նախարարությունը առաջարկել էր օրենքում ամրագրել հոդված, որով օրենքի ժամկետը այլևս  հնարավոր չի լինի փոփոխել–երկարաձգել: Առաջարկը չէր ընդունվել, որովհետև այն սահմանափակում էր պատգամավորների ու կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու սահմանադրական իրավունքը:

Սա ներդրվել էր որպես զգուշացում ներկայում խուսափել պատրաստվողների համար, որպեսզի նրանք «հույս չունենան»՝ հետագայում գումարի դիմաց խուսափել ծառայությունից:

Զինծառությունից խուսափածները քրեական հետապնդումից ազատվում են ամեն զորակոչի համար 200 հազար դրամի դիմաց:

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզության մեջ գտնվող 12698 մարդուց 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով։

ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ՝ դեռևս 2017-ի հունիսի 1-ին, հայտնել էր, որ օրենքի ժամկետի պարբերաբար երկարաձգումը ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին. նրանք հուսով են, որ մինչև 27 տարեկանը արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը:

One response to “16 տարում ծառայությունից խուսափել և դրա դիմաց փող է վճարել 10 հազար քաղաքացի

Մեկնաբանել ՎահագնՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *