Ռուսաստանը Տաջիկստանին անվճար փոխանցել է ընհանուր 9 միլիոն դոլարի հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ ռադիոլոկացիոն կայաններ։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սպառազինության փոխանցումը Տաջիկստանին շարունակվում է համաձայն երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված համաձայնության։
Ռուսական կողմը նշել է, որ սպառազինության տրամադրումը ուղղված է ամրապնդելու Տաջիկստանի սահմաններն ու Կենտրոնական Ասիայում իր դաշնակցին ահաբեկչական վտանգից ապահովելուն։
Ռուսաստանը Տաջիկստանին զինամթերք էր նվիրաբերել նաև 2017 թվականին։ Այն ժամանակ Դուշանբեին տրամադրվել էր ընդհանուր 122 միլիոն դոլար արժողության Տ-72Բ1 տանկեր, ԲՏՌ-80, ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, Մի-24, Մի-8 ուղղաթիռներ, Դ-30 հաուբիցներ, զենիթային կայաններ, կապի միջոցներ, զրահատեխնիկայի պահեստամասեր։
Տաջիկստանում է գտնվում ՌԴ ԶՈւ 201–րդ ռազմաբազան՝ երկրից դուրս գտնվող ամենամեծը զորամիավորումը։
2016 թվականին Ռուսաստանը Սերբիային անվարձահատույց փոխանցել էր 6 միավոր ՄիԳ-29 և 30 միավոր տանկ, 2017 թվականին Ռուսաստանը ներել էր Ղրղզստանի 240 միլիոն դոլար արժողության պետական պարտքը, ինչպես նաև Բելառուսի սպառազինությունում առկա են Ս-300ՊՍ ԶՀՀ-ներ, որոնք Ռուսաստանը նվիրել է միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում։
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ նույնպես ստորագրել է միացյալ ՀՕՊ համակարգի պայմանագիր, սակայն 2016-ի հունիսին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը հայտարարել էր, որ Ս-300 համակարգերի անհատույց փոխանցում Հայաստանին չի նախատեսվում։
Վերջերս ՀԱՊԿ շտապի պետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ Աֆղանստանը ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում է, քանի որ այնտեղից կա ահաբեկչական վտանգ իսկ Աֆղանստանը սահմանակից է ՀԱՊԿ անդամ Տաջիկստանին։ Ռուսաստանը տևական ժամանակ է Աֆղանստանի հետ սահմանները ամրացնելու համար Տաջիկստանի զինված ուժերի համար անհատույց հիմունքներով պատրաստում է մարտավարական խմբեր: