Հայոց բանակի վաղվա օրը. ԵԿՄ-ից ազգային գվարդիա

Հայկական բանակի ապագայի մասին քննարկումների մեր շարքում ներկայացնում ենք առաջին հոդվածը, որում անդրադառնում ենք արագ մոբիլիզացիայի կազմակերպման հարցին։

Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին քննարկումներ նաև «Երկրապահ կամավորականների միության» ապագայի վերաբերյալ։

Հենց սկզբից ընդգծենք, որ չնայած ԵԿՄ-ն պաշտոնապես գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, սակայն ակնհայտ է, որ այն սովորական ՀԿ չէ և առանձնահատուկ դեր ունի։ Այստեղ չենք քննի, թե ինչու և ինչպես այն ստացավ այդպիսի դեր, զուտ արձանագրենք առկա իրողությունը։

ԵԿՄ ապագայի վերաբերյալ մեզ հանդիպած կարծիքները տարբեր են․ կազմակերպությունը լուծարել, այն ամբողջովին ապառազմականացնել, այն վերածել զուտ վետերանական միության ևն։ Թեև սակավաթիվ, բայց հնչում էին նաև ԵԿՄ-ն եղած տեսքով պահելու անհրաժեշտության մասին կարծիքներ։

Ցավոք, այս տիպի քննարկումներում գրեթե բացակայում է վերլուծական բաղադրիչը, առավել ևս՝ Հայաստանի ռազմական անվտանգության համատեքտում․ ի՞նչ է իրենից ներկայացնում ԵԿՄ-ն այսօր, ի՞նչ պոտենցիալ ունի, ի՞նչ փորձ կա, ի՞նչ դեր է այն կատարել կամ կարող է կատարել Հայաստանի անվտանգության համակարգում։ Համապատասխանաբար հնչող կարծիքներն էլ հիմնականում բխում են մարդկանց քաղաքական հայացքներից, համակրանքից ու հակակրանքից։ Օրինակ՝ գեներալ Մանվելի նկատմամբ բացասական վերաբերմունքը տարածվում է ամբողջ կառույցի վրա, թեպետ ակնհայտ է, որ անգամ եթե գեներալ Մանվելի մեղքը դատական կարգով ապացուցվի, դրանից ԵԿՄ-ն ու նրա հազարավոր անդամները չեն դառնում հանցագործ։

Անշուշտ, ակնհայտ է, որ ԵԿՄ-ում անհրաժեշտ են ռեֆորմներ և փոփոխություններ։ Այնուամենայնիվ այս պահին այդ կառույցի ղեկավարի քննարկվող և ոչ մի թեկնածու, մեր կարծիքով, խորը ռեֆորմներ իրագործելու մտադրություն և հնարավորություն չունի։

Մենք համարում ենք, որ անկախ ամեն ինչից՝ լինի դա ԵԿՄ-ի հիմքի վրա, թե ոչ, տարածաշրջանային ներկա իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է կառույց, որը պատերազմի սկզբում կամ սպառնալից շրջանում կկարողանա ապահովել մարտունակ կամավորների, այսպես ասած, «առաջին ալիքի» մոբիլիզացիան։ Ստորև ներկայացնենք այդպիսի կառույցի մասին մեր պատկերացումները՝ ելնելով Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության առկա մարտահրավերներից։

Մեր դեպքում «պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի» խոսքերը գեղարվեստական չափազանցություն չեն։ Այդ արտահայտությունը պետք է հասկանալ բառացի։ Հայաստանի նկատմամբ նոր, անսպասելի ագրեսիա սկսելու համար Ադրբեջանին հաշված ժամեր են պետք։ Հաշված ժամեր են պետք նաև ռազմաճակատի գծի մեկ կամ մի քանի հատվածներում հարվածային խոշոր խմբավորումներ կուտակելու համար։

Այո, 2016թ․-ից հետո առաջնագծի համալրումը տեսադիտարկման սարքերով մեծ թափ ստացավ և դրանց շնորհիվ մեծացել է սկսվող հարձակմանը ռեակցիա տալու համար մեզ «հատկացված» ժամանակը։ Եվ այնուամենայնիվ անգամ դա չի կարող բավարար լինել թշնամու մտադրությունները լիարժեք գնահատելու, վերլուծելու, շեղող և իրական հարվածների ուղղությունները ճշտելու համար։ Հաշվի առնելով ադրբեջանական կողմում առկա զարգացած ճանապարհային ցանցը՝ անգամ թշնամու ռազմական տեղաշարժերը տեսադիտարկման համակարգերով ժամանակին հայտնաբերելու դեպքում միշտ չէ, որ հնարավոր է լինելու արագ պարզել պատրաստվող հարվածի ուղղությունը։

Այսպիսով, ադրբեջանական արգեսիայի դեպքում հայկական բանակի հրամանատարությունը մի շարք (նման իրավիճակների համար՝ տիպիկ) խնդիրների առաջ է կանգնելու․

  1. Զգալի ուժեղացնել հարձակման ուղղություններում կանգնած ստորաբաժանումները;
  2. Խտացնել պաշտպանական շարքերը այլ ուղղություններում;
  3. Չցրել ռեզերվներն այս և այն կողմ ու օգտագործել դրանք խելամտորեն։

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմում ՊԲ հրամանատարությունը բացառիկ սառնասրտություն դրսևորեց և իր ռեզերվները չմասնատեց Թալիշի ու Վարազաթմբի ուղղությամբ սկսված հարձակումները հետ մղելու համար։ Արդյունքը մենք տեսանք ապրիլի 4-ին, երբ ՊԲ հրետանին կանխարգելիչ հարվածներով կասեցրեց Աղդամի ուղղությամբ սկսվող ադրբեջանական հարձակումը։ Ցավոք՝ այս գործողության նշանակությունը այդպես էլ մնաց ճիշտ չգնահատված մեր հանրության կողմից։

ԵԿՄ անդամները ապրիլյան պատերազմի օրերին՝ առաջնագիծ մեկնելիս
ԵԿՄ անդամները ապրիլյան պատերազմի օրերին՝ առաջնագիծ մեկնելիս․ Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Վերադառնալով վերոնշյալ մոբիլիզացիոն կառույցի հարցին… Ապրիլյան պատերազմում ԵԿՄ-ն կարողացավ պատերազմի սկսվելու մասին տեղեկությունների հայտնվելուց արդեն ժամեր անց սկսել մի քանի հազար կամավորի տեղափոխումն Արցախ։ Շատ կարևոր է, որ այդ կամավորները Արցախ հասան ոչ թե խառը, այլ՝ կազմակերպված և պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված։

Այսպիսով, փաստացի ԵԿՄ-ն կատարեց արագ, օպերատիվ մոբիլիզացիա կազմակերպող օղակի դեր։ Անշուշտ, կային նաև խնդիրներ․ կամավորների մի մասը, լինելով տարիքով վետերաններ, ունեին առողջական տարբեր խնդիրներ; արձանագրվեցին կարգապահական բնույթի միջադեպեր ևն։ Սակայն, ամենակարևորն այդ պահին ՊԲ հրամանատարություն տրամադրության տակ լրացուցիչ, կազմակերպված մարդկային ռեսուրսի հայտնվելն էր, որն էլ հնարավորություն տվեց և պաշտպանական շարքերը խտացնել ըստ անհրաժեշտության, և ավելի հանգիստ տնօրինել կանոնավոր բանակի ռեզերվները։

Մենք համարում ենք, որ չնայած, ինչպես նշեցինք, ԵԿՄ կամավորների հետ կապված Ապրիլյան պատերազմում արձանագրվեցին առանձին խնդիրներ, բայց ընդհանուր դեպքում կամավորների օպերատիվ մոբիլիզացիան և ռազմաճակատ տեղափոխելը շատ դրական փորձ էր և հենց այդ փորձն էլ պիտի դրվի մոբիլիզացիոն կառույցի ստեղծման կամ հենց ԵԿՄ ռեֆորմի հիմքում։

Եթե ընտրվի ԵԿՄ ռեֆորմի ուղին, ապա ֆորմալ առումով շարքային ՀԿ-ից այն պիտի ձևափոխվի զինված ուժերի ենթակայությամբ գործող առանձին մարմնի, որը պայմանականորեն կանվանենք ազգային գվարդիա, հաշվի առնելով, որ մի շարք երկրներում արագ մոբիլիզացիայի համար նախատեսված կառույցները հենց այդպես էլ կոչվում են։ Օրինակ՝ ԱՄՆ-ում բանակի և օդուժի ազգային գվարդիաները։ Թեպետ ընդգծենք, որ ազգային գվարդիաները տարբեր երկրներում կարող են միանգամայն տարբեր ֆունկցիաներ կատարել և այդ տերմինն օգտագործելով մենք նկատի չունենք որևէ երկրի փորձի կրկնօրինակում։ Նույն ԱՄՆ-ում ազգային գվարդիան նաև ներքին զորքերի ու քաղպաշտպանության զորքերի գործառույթներ է կատարում, ինչի կարիք մեր մոտ կարծում ենք, որ չկա։

Գվարդիան կունենա իր սահմանված հիերարխիան և կառուցվածքը, նրան հատկացված կլինեն անհրաժեշտ ռեսուրսներ, այդ թվում սպառազինություն, տրանսպորտ։ Գվարդիայի կենսագործունեությունը և կառավարումն ապահովող պաշտոնյաները պիտի լինեն զինված ուժերի գործող, կադրային սպաներ, սակայն գվարդիային բուն անդամակցությունը պիտի լինի կամավոր։ Խաղաղ ժամանակ ազգային գվարդիան կզբաղվի ինչպես իր անդամների, այնպես էլ իրեն չանդամակցող քաղաքացիների, այդ թվում՝ երիտասարդների և պատանիների, պահեստազորայինների մարտական պատրաստության/վերապատրաստման հարցերով, կազմակերպի ճամբարներ ևն։ Այսինքն՝ փաստացի պիտի շարունակվեն և ինստիտուցիոնալ ավելի բարձր հիմքերի վրա դրվեն ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ» ծրագրերը, ճամբարները ևն։ Պատերազմի դեպքում գվարդիայի անդամներն իրենց նախապես սահմանված կառուցվածքային ստորաբաժանումների կազմում արագ կհավաքվեն և գվարդիայի տրանսպորտային միջոցներով կտեղափոխվեն անհրաժեշտ վայր՝ ըստ գլխավոր շտաբի հրահանգների։

Արագ մոբիլիզացիան ապահովվելու է այն բանի հաշվին, որ գվարդիայի առանձին միավորների անդամներն արդեն միմյանց ծանոթ, իրար հետ մերված, մտերմացած, միմյանց կոնտակտներն ունեցող մարդիկ են, և մոբիլիզացիայի հրաման ստանալուց հետո գվարդիայի դասակների, ջոկերի հրամանատարները պարզապես արագ կապ են հաստատելու իրենց գվարդիական զինակիցների հետ և օպերատիվ կերպով հավաքվում նախօրոք որոշված վայրերում։ Անշուշտ, բոլորը չէ, որ կներկայանան տարբեր հարգելի և ոչ հարգելի պատճառներով, ինչը նույնպես օրինաչափ է և հատուկ է նաև զինկոմիսարիատների իրականացրած զորահավաքին, սակայն այս սխեմայի առավելությունը զինկոմիսարիատների նկատմամբ այն է, որ մոբիլիզացվող ստորաբաժանումները կազմված և պատրաստված են լինում նախապես ու պատերազմի դեպքում համալրվում են ժամերի ընթացքում։

Սա չի նշանակում, թե զինկոմիսարիատներ պետք չեն լինելու։ Ազգային գվարդիան արագ, օպերատիվ մոբիլիզացիա ապահովող կառույց է։ Իսկ երկարատև զորահավաքային խնդիրները․ պատերազմի սկզբից մի քանի օր անց, արդեն զինկոմիսարիատները պիտի լուծեն։ Այս երկու համակարգերը միմյանց փոխլրացնող են, բայց ոչ փոխարինող։

Կարող է թվալ, թե նկարագրված համակարգը ներդնելու համար ԵԿՄ-ի ներկա համակարգի անհրաժեշտություն չկա։ Մենք վստահ ենք, որ արմատապես սխալ պատկերացում է, թե համակարգերը զրոյից կառուցելն ավելի հեշտ է, քան փաստացի գոյություն ունեցող և իրենց կենսունակությունն ապացուցած համակարգերը զարգացնելը։ Ուստի պնդում ենք, որ նկարագրված ռեֆորմը պիտի իրագործվի հենց ԵԿՄ բազայի վրա։ Այդ ռեֆորմը, բնականաբար, շատ ավելի մանրամասն պիտի մշակվի, դրա փուլերն ու դետալները, իրավական կարգավորումները պիտի մանրակրկիտ հաշվարկվեն և պլանավորվեն։ Այստեղ մենք ներկայացրել ենք զուտ առաջարկի ուրվագիծ։

Ընդ որում, այս առաջարկը Հայաստանի համար մոբիլիզացիոն ռեզերվի կազմակերպման միակ հնարավոր տարբերակը չէ։ Առաջիկայում կփորձենք անդրադառնալ նաև տարածքային պաշտպանության գաղափարին, որը կարող է փոխլրացնել զինկոմիսարիատների և ազգային գվարդիայի ինստիտուտները՝ ապահովելով առավելագույն ճկուն և կենսունակ համակարգ։

Վերջում անդրադառնանք ևս մեկ՝ մեր կարծիքով կարևոր, հանգամանքի էլ։ Մենք նշեցինք, որ ազգային գվարդիային անդամակցությունը պիտի լինի կամավոր։ Կարծում ենք, որ սա շատ կարևոր է։ Նախ՝ խաղաղ ժամանակ մարդը շատ չի կտրվի իր սովորական, քաղաքացիական կյանքից, աշխատանքից։ Երկրորդ, կամավորության գաղափարն ինքը բավականին հոգեհարազատ է հայ ժողովրդին։ Դրա ակունքները հավանաբար 18–19դդ․ ազգային ազատագրական պայքարի մոտիվներն են, թեպետ գուցե և ավելի հին․ այս հարցին պիտի պատմաբաններն անդրադառնան։ Նորագույն ժամանակներում օրինակ՝ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի դափնիները հիմնականում վերագրվում է հենց կամավորական շարժմանը, մինչդեռ կադրային սպայակազմի ներդրումը այդ հաղթանակում նույնքան վճռորոշ էր, որքան կամավորական շարժումը։ Այսօր էլ, երբ «պրոֆեսիոնալ բանակի» թեման է քննարկվում, շատ հաճախ մեր քաղաքացիները որպես դրա առավելություն նշում են հենց կամավորական հիմքերը։ Այսպիսով՝ Հայաստանի ապագա ազգային գվարդիան կդառնա կամավորականության այդ ազգային ավանդույթների ինստիտուցիոնալ ձևակերպում հայկական պետականության հիմքի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *